z1news 
 
Արցախյան պատերազմի հաղթանակից հետո ոգևորված, խանդավառ վիճակ էր։ Այդ հաղթանակը յուրաքանչյուրն իրենն էր համարում։ Հիշում եմ, երբ լուրը հայտնեցի անկողնային վիճակում գտնվող ծեր հարևանուհուս, ուրախությունից գոռաց ու տեղից վեր թռավ․․․ Ոնց որ վերջին պտույտները գործող թիթեռնիկ լիներ՝ թռչկոտում էր կյանքի լույսի շուրջ և մրմնջում՝ մենք հաղթեցինք, ես հաղթեցի․․․ Նա անկողնում պառկած, ցավի մեջ՝ զինվորների համար գուլպա է գործել ու ուղարկել։ Դրա մեջ հաղթանակի իր բաժինն էր տեսնում։ Պատերազմի հաղթանակը բոլորինս էր ու միասին էինք վայելում՝ դժվարություններն ու քաղցրությունը միասին կիսում։
 
Այն ժամանակ չէինք կարող ասել՝ Զինվորը հաղթեց, մեծարեինք մեկին, հաղթանակը կապեինք նրա հետ, մարդիկ «կհոշոտեին», ասում էինք՝ ժողովուրդը հաղթեց։ Ու մինչև հիմա էլ մեր արյան մեջ այդ գույնն է՝ ժողովուրդը հաղթեց։ Այդ հաղթանակի մեջ յուրաքանչյուրն իր բաժինն էր տեսնում։
 
Հետո է սարսափելին։ Երբ հաղթանակից օգտվեցին որոշ մարդիկ՝ պաշտոններ ստացան, հարստացան ու մոռացան, որ հաղթանակի մեջ յուրաքանչյուր մարդ իր բաժինն ուներ։ Որ իրենք աթոռներին հասան այդ մարդկանց շնորհիվ։ Որ իրենք պարտք ունեն նրանց առաջ։
 
Դառնանք այսօրվա հաղթանակին, որ անվանում եք թավշյա հեղափոխություն։ Մարդիկ ոգևորվեցին իրենց հաղթանակով, կրկին վերականգնվեց նրանց մոտ սեփական ուժի գիտակցությունը։ Բայց շատ կարճ տևեց այդ պրոցեսը, սկսվեց այլ բան։ Մոռացվեց, որ ժողովուրդն է հաղթել ու սկսեցին հաղթանակի կուռք փնտրել։ Գտան այդ կուռքը։ Ոչ մեկը վատ չզգաց, երբ հաղթանակը վերագրվեց մի անձի։ Սա է սարսափելին, սա է կործանարարը։ Կուռքը ֆետիշացվեց այն աստիճան, որ Զինվորից թանկ դարձավ, ու հաղթանակը վերագրվեց նրան։ Չի՜ կարելի նրա փեշի կողքով անցնել, որովհետև ազգի դավաճան կհամարվես, չի կարելի ասել, որ կադրերդ խայտառա՜կ են, որովհետև աջ ու ձախից քծնվող մարդիկ կհայտնվեն, ովքեր «պաշտոն պոկելու մոլուցքով» հայհոյանքի տարափի տակ կառնեն քեզ։ Մոռանում են անգամ, որ իրենց կուռքը իշխանություն է․ մնացել են ընդդիմության դերում։ Մի՞թե կադրերի նշանակման առավելություն կարելի է համարել այն, որ նշանակված կադրերը թալանին չեն մասնակցել, որ նրանք դատարկ գրպաններով են եկել։ Հիշեցնեմ, որ հներն էլ «դատարկ գրպաններով էին եկել», «թալան չէին արել», ինչպես այսօրվա նորերը․․․
 
Մենք գնում ենք նույն ճանապարհով, մարդի՜կ․․․ Եթե այդ ճանապարհը շատերիդ տարիքի բերումով ծանոթ չէ, մենք անցե՜լ ենք․․․ Պաշտոնների ընծայումը, նույն քծնախառը ծառայությունները։ Իշխանությանը քննադատողին «Լինչի դատաստանի ենթարկելը»։
 
Այդպես չի կարելի, Նիկոլ։ Իշխանությանը օգնելու համար քծնվողներ պետք չեն։ Իմ գործընկերներից շատերը լռում են, ասելով՝ հավես չունենք քֆուրներ ստանալու։ Նման արգելափակումները իշխանությանն են վնասում, վերագրվում նրան։
 
Այս փոքրիկ գրառումը հազարից մեկը՝ պարզ ու անկեղծ, շատ բան է ասում․
 
 
․․․Հետո, Փաշինյանն ինքը միայնակ չարեց հեղափոխություն, եթե ժողովուրդը չլիներ, ոչինչ չէր ստացվի: Խնդրում եմ հիշի ԱԺ-ի առաջին նիստը: Ժողովուրդը վճռական կերպով կանգնեց Փաշինյանի կողքին, ու ստացվում է, որ դա ժողովրդի հաղթանակն է: Այսքանով հանդերձ ժողովուրդն էլ ասում է, այ պարոն փոխվարչապետ, նստել ես ուղտին, կուզեկուզ ես ման գալիս: Ամեն ինչ տեսնում ենք, ու ամեն ինչ գիտենք, մեր երեխեքի փողերը քեզ ենք վստահել, անտեղի մի ծախսի: Վատ բան չենք ասում: Մյուս անգամ երեսով չտաս մի բան, որը ժողովրդինն է:
 
 
Հասմիկ Բաբաջանյան