Տարոն Մարգարյանի օգտին կողմ քվեարկելու համար կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է Հեղինե Փոգրարյանը.
 
 
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող, հանրության շրջանում «Զիբիլիքս» անվանումն ստացած քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու կասկածանքով հուլիսի 24-ին ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է Հեղինե Փոգրարյանը:
 
 
Ինչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վերջինս 2017 թվականի մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին նախորդող ժամանակահատվածում հանդիպել է ընտրողներ Հ. Ս.-ին ու նրա կնոջը և ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանի օգտին կողմ քվեարկելու համար խոստացել է նրանց տրամադրել յուրաքանչյուր քվեի համար 10.000 ՀՀ դրամ կաշառք:
 
 
Նախաքննությունը շարունակվում է
 
 
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: