
Ըստ այդմ, բարեփոխումները, կարծում եմ, պետք է ընթանան երեք ուղղությունով: Նախ՝ պետք է զարգացնել համացանցային առևտուրը և քաղաքացիների համար հարմարություններ ստեղծել, ոչ թե խոչընդոտներ հարուցել: Հիմա արդեն պարզ է, որ համացանցով տաքսի կանչելը, ուտելիք, համերգի, գնացքի, ինքնաթիռի տոմս, հյուրանոցի համար պատվիրելն ավելի հարմար է և էժան, քան բոլոր մնացած ձևերով: Նույնը՝ հեռախոսները, համակարգիչները, մեքենաների պահեստամասերը և մնացածը համացանցով պատվիրելը շատ ավելի ձեռնտու է, քան Հայաստանում խանութից գնելը: Շեմը, հետևաբար, պետք է բարձրացնել մինչև 1000 դոլար: Շեմ, անշուշտ, պետք է լինի՝ մի բան է, երբ ես պահեստամաս եմ գնում իմ ավտոմեքենայի համար, մեկ այլ բան է, երբ ես զբաղվում եմ պահեստամասերի բիզնեսով:
Երկրորդ ուղղություն է, կարծում եմ, մաքսատուրքերը նույնպես ամբողջովին դարձնել համացանցային, որպեսզի ես on-line առևտրի դեպքում կարողանամ տանը նստած մաքսազերծել ապրանքս և դարձյալ այն ստանամ փոստից: Դա ինձ կազատի մաքսավորների հետ տհաճ հանդիպումներից:
Երրորդ և ամենակարևոր ուղղությունը հասարակության վերափոխումն է: Խորհրդային (եվրասիական) սովորության համաձայն՝ մենք կարծում ենք, որ պետության պաշտոնյան, տվյալ դեպքում՝ մաքսավորը, ոչ թե ծառայություն է մեզ մատուցում, այլ ինչ-որ «իշխանավոր է», որի հետ պարտադիր պետք է «լեզու գտնել»: Իրականում նրան հաճոյանալու անհրաժեշտություն ամենևին չկա՝ նա պարտավոր է իր գործն անել, և եթե չի անում, պետք է անհապաղ բողոքել նրա դեմ ու հասնել նրան, որ նա պատժվի: Պետք չէ վախենալ «վատամարդ դուրս գալուց» և «գործ տալուց»՝ հենց որ տեսնում եք, որ պաշտոնյան սկսում է ձեզ տանել-բերել, միանգամից խոսեք նրա հետ օրենքի լեզվով: Դրա համար, իհարկե, պետք է բավականաչափ գրագետ լինել և օրենքն իմանալ»: