Առողջապահության նախարարությունն, անդրադառնալով Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով ջրիկանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին, քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց:
 
 
ԱՆ-ից տեղեկացնում են, որ ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած»  ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։
 
 
Նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝  ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ,  մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։ 
 
 
Առողջական այսօրինակ խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է`
 
 
  չլողալ կանաչ կամ «ծաղկած»ջրում,
 
 
  արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում,
 
 
  վերը նշված ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի: