Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյանը պարտվեց Մաքսիմ Մատլակովին
Թբիլիսիում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երրորդ շրջանի երկրորդ դասական պարտիայում Լեւոն Արոնյանն անակնկալ պարտություն է կրել ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովից: Հայկական շախմատի առաջատարը խաղացել է սեւերով եւ իր պարտությունն ընդունել 27-րդ քայլում:
 
Այսպիսով, մրցամարտի հաշիվը հավասարվեց՝ 1:1: Առաջին պարտիայում սպիտակներով հաղթել էր Լեւոն Արոնյանը: Այս զույգի հաղթողը հայտնի կդառնա թայ-բրեյքում, որը կկայանա սեպտեմբերի 11-ին:
 
Հիշեցնենք, որ նախորդ 2 շրջաններում Լեւոն Արոնյանը հաղթել էր հարավաֆրիկացի Դենիել Քոդերին եւ կանանց աշխարհի քառակի չեմպիոն, չինացի Հոու Յիֆանին:
 
Հայաստանը աշխարհի գավաթի խաղարկությունում ներկայացնում էին նաեւ Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք չհաղթահարեցին առաջին շրջանի արգելքը։ Առաջին շրջանից դուրս է մնացել նաեւ ԱՄՆ-ն ներկայացնող Վարուժան Հակոբյանը։
 
Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք: