ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր գրություն է ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ.Թանդիլյանին՝ նպաստառուների հաշվառման ցուցակների կազմավորման, ինչպես նաև նշված ցուցակների հաստատման ու գումարների հատկացման գործընթացն ուսումնասիրելու համար։
 
 
Գրության մեջ, մասնավորապես, ասվում է.
 
 
«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ.Վ.Թանդիլյանին.
 
 
Հարգելի´ տիկին Թանդիլյան,
 
 
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի վարույթում գտնվող ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցները և գործակալության պետը, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով «Հայփոստ» ՓԲ ընկերության Ստեփանավան քաղաքի և հարակից տարածքներն սպասարկող փոստային բաժանմունքների ավագ օպերատորների, օպերատորների և փոստատարների հետ, պետության կողմից անապահով ընտանիքներին հատկացվող նպաստի գումարներից հափշտակություն կատարելու նպատակով 2013 թվականից մինչև 2018 թվականի հունիսը, Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում սոցիալապես անապահովության վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներառելով, մի շարք քաղաքացիների ապօրինի ձևակերպել են որպես ընտանեկան նպաստառուներ ու ընդգրկել վճարման ցուցակներում, իսկ «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնում ցուցակները հաստատվելուց հետո «Հայփոստ» ՓԲԸ-ից ստացած ցուցակներում նրանց անվան դիմաց մտացածին ստորագրություններ դնելով՝ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար:
 
 
Հաշվի առնելով վերոգրյալը և հնարավոր համարելով, որ նմանատիպ հափշտակություններ կարող են կատարված լինել այլ տարածքային գործակալություններում, ուստի խնդրում եմ հանձնարարել համապատասխան աշխատակիցներին ուսումնասիրել նպաստառուների հաշվառման ցուցակների կազմավորման, ինչպես նաև՝ նշված ցուցակների հաստատման ու գումարների հատկացման գործընթացը և հայտնաբերված խախտումների վերաբերյալ հայտնել ՀՀ քննչական կոմիտե»:
 
 
Նկատի ունենալով, որ Ստեփանավանի տարածքային սոցիալական աջակցության գործակալությունն ընդգրկված է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմում, հետևաբար՝ 2018թ. հուլիսի 25-ին նույնաբովանդակ գրություն ուղարկվել է նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին:
 
 
Աղբյուրը՝ hraparak.am