Քննարկվել են «Մատչելի բնակարան զինծառայողներին» հիփոթեքային ծրագրի մանրամասները. ՊՆ 
 
 
Հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն` նվիրված «Մատչելի բնակարան զինծառայողներին» հիփոթեքային վարկավորման ծրագրի քննարկմանը. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը: Խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի, նախարարի տեղակալների և համապատասխան վարչությունների պետերի հետ քննարկել են հիփոթեքային վարկավորման ծրագրի ընթացիկ աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։
 
 
 Կենտրոնական բանկի նախագահը ներկայացրել է մայրաքաղաքում և մարզերում պետական աջակցությամբ զինծառայողների համար բնակարան ձեռք բերելու առավելագույնս մատչելի պայմաններով հնարավորություններ ստեղծելու առաջարկները։ Մասնավորապես՝ շեշտադրվել է ոչ միայն շուկայում գործող նվազագույն տոկոսադրույքի սահմանման, այլև բնակարանի ձեռքբերման համար անհրաժեշտ կանխավճարի բեռը թեթևացնելու կարևորությունը։
  
 
 
 «Մատչելի բնակարան զինծառայողներին» հիփոթեքային վարկավորման ծրագիրը ՀՀ ԶՈՒ զինծառայողներին հնարավորություն կտա ներկայումս գործող նվազագույն տոկոսադրույքով և արտոնյալ այլ պայմաններով բնակարանի ձեռքբերման երկարաժամկետ հիփոթեքային վարկ ստանալ: 
 
 
Աղբյուրը՝ factor.am