Ի՞նչ հրահանգ են ստացել Քոչարյանից Կրակեմ Հրաչն ու Արզուման Հարությունյանը.
 
 
Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տասնամյակը եզրափակած արյունոտ մարտի 1-ի բացահայտման նոր փուլ է սկսում: ժամանակի ընթացքում նոր հանգամանքներ են ի հայտ գալիս կամ օդում կախված, բայց տրամաբանական լուրեր են հայտնվում շրջանառության մեջ:
 
 
Արդեն գրել ենք, որ ԱԱԾ-ը առնվազն պետք է տեղյակ լիներ Մարտի 1-ին նախապատրաստվող սպանդին և կանխեր: Բայց ոչ միայն չի կանխել, այլ… Ըստ օդում համառորեն պտտվող լուրերի՝ ԱԱԾ առանցքային դեմքերը լուրջ դերակատարություն է ունեցել դրանում:
 
 
«Առաջին լրատվական»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ դատավորներին բռի մեջ պահող ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ Արզուման Հարությունյանը զբաղվել է մարտի 1-ին սպանդն իրականացրած դիպուկահարների տեղակայման հարցերով: Նրանցից մեկը դիրքավորված է եղել Մաշտոցի պողոտայում գտնվող «Օրբիտա» խանութի տանիքում:
Նկատենք, որ Արզուման Հարությունյանը ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետի պաշտոնը ստանձնել է 1999թ. հոկտեմբերի 27-ից 2 ամիս առաջ և նույն կարգավիճակում պաշտոնավարել նաև 2008-ի մարտի 1-ի արյունոտ դեպքերի ժամանակահատվածում, իսկ հետո՝ պաշտոնեական և կոչման առաջխաղացում ունեցել: Այսինքն նա պետք է լավատեղյակ լիներ պետության և հանրության դեմ իրագործված ահաբեկչության կազմակերպչական մանրամասներից:
 
 
Տեղեկություններ կան նաև մեկ այլ բարձրաստիճան ԱԱԾ-ականի դերակատարության մասին:
 
 
ԱԱԾ պետի նախկին տեղակալ, Կրակեմ Հրաչ մականունով հայտնի Հրաչյա Հարությունյանն էլ զբաղվել է դիպուկահարների զենքերի ապահովման հարցով: Նա, օգտվելով իր պաշտոնեական դիրքից և իրենից ավելի վեր գտնվող ուժերի «հրահանգից», ԱԱԾ-ից դիպուկահար հրացաններ է վերցրել՝ խախտելով ընդունված ընթացակարգը՝ առանց ստորագրելու: Այլ կերպ ասած՝ մահացու զենքերը ժամանակավորապես գտնվել են նրա տնօրինության տակ, այդ ընթացքում 10 անձ է սպանվել, սակայն Կրակեմ Հրաչի պատասխանատվության հանգամանքը չի արձանագրվել իրավաբանորեն:
 
 
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մինչև վերջերս զբաղեցնում էր պետական պահպանության ծառայության պետի պաշտոնը: Նա ԱԱԾ-ի պետի տեղակալի պաշտոնից ՊՊԾ պետի պաշտոնին էր նշանակվել Սերժ Սարգսյանի թիկունքում կատարված դավադրության՝ գաղտնալսումների աղմկոտ պատմության բացահայտումից հետո: Խոսքը տարբեր պաշտոնյաներին և օլիգարխներին գաղտնալսելու և շահագրգիռ անձանց վաճառելու պատմության մասին է, ինչի մասին գրվեց մամուլում:
 
 
Թավշյա հեղափոխությունից հետո Կրակեմ Հրաչը պաշտոնանկ արվեց, սակայն Արզուման Հարությունյանը դեռ զբաղեցնում է ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնը: Մարտի 1-ի դեպքերի բացահայտումից առաջ նա ևս պետք է պաշտոնանկ արվի, մեկուսացվի՝ նախաքննության վրա ազդելու հնարավորությունը չեզոքացնելու համար: Կամ առնվազն պետք է կասեցվի նրա պաշտոնեական լիազորությունները և շուտափույթ հրավիրվի հարցաքննության:
 
 
Կրակեմ Հրաչը ևս պետք է անհապաղ հարցաքննվի Մարտի 1-ի գործով՝ ինչպես վերը նշված «օդում կախված» լուրերը ճշտելու, այնպես էլ՝ ԱԱԾ-ի ձեռնարկած գործողությունների ամբողջական շղթայից՝ յուրաքանչյուրին վերապահված պարտականությունների հնարավոր սահմանազանցման հանգամանքները պարզելու համար:
 
 
Նրանք պետք է ասեն, թե ինչ հրահանգ են ստացել գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանից:
 
 
Հեղինակ՝ Միլենա Միլիտոնյան