Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի խոսքով՝ ինքը շատ բախտավոր է, ունեցել է լավ մանկություն, ընտանիք, եղբայրներ: Նա «Հոդված 3» ակումբում կազմակերպված «ԾիւսUP» կանանց զրույցների պարբերաշարքի այս այսօրվա հյուրն էր:
 
«Իմ ընտանիքը երբեք խտրականություն չի դրել իր որդիների և երեք դուստրերի միջև, բոլորին էլ տվել է հավասար հնարավորություններ»,- ասաց նա՝ նկատելով, որ երբեք չի հանդիպել մի իրավիճակի, երբ իրեն կամ իր քույրերին ասեն, որ չանեն ինչ-որ բան, քանի որ իրենք աղջիկ են:
 
Նա նշեց, որ ինքն իր գործունեությամբ ուզում է հիշատակել, որ չպետք է խտրականություն լինի կանանց նկատմամբ: Նա նշեց, որ ընդհանրապես պետք էլ չէ, որ կինն ապացուցի, որ ինքը կարող  է ինչ-որ բան անել:
 
Ջուդիթ Ֆարնուորթը հիշատակեց, որ Մեծ Բրիտանիայում ժամանակին կանայք ավելի քիչ էին քաղաքական պաշտոն զբաղեցնում, բայց իննսունականներին, երբ արդեն ինքը միացավ համակարգին, արդեն շատ կանայք էին բարձր պաշտոններ զբաղեցնում:
 
«Ինձ համար դժվար է սահմանել, թե ինչպես են մարդիկ ինձ ընկալել: Առաջին գործս Ուկրաինայում էր, այդ ժամանակ մարդիկ ինձ լուրջ չէին ընդունում: Չգիտեի պատճառը որն էր՝ երիտասա՞րդ էի, արժանի՞ չէի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ արդեն ժամանակի ընթացքում իր աշխատանքի շնորհիվ իր գործն ու ինքն էլ հարգանքի արժանացան:
 
Նա նաև նկատեց, որ մասնավորապես արտաքին գործերի նախարարության կանանց համար դժվար է մոբիլ մասնագիտության հետ ընտանիքը համատեղելը: Նկատեց, որ իրականում պետք է, որ ճիշտ, քեզ հասկացող կողակցի ընտրես:
 
Մեծ Բրիտանիայի դեսպանը նաև ներկայացրեց իր մոտեցումը. ինքը չի էլ սիրում, որ ընտանիքում անդամները լիարժեք անկախ են լինում: Նկատեց, որ այդպես չի լինում, բերեց իր օրինակը. քաղաքական ընտրություններին որոշումներ կայացնելիս պետք է քննարկի ամուսնու հետ, հետո արդեն կոմպրոմիսային լուծումներով որոշում ընդունի:
 
Խոսելով արդեն հայաստանյան իրականության և այստեղ կնոջ դերի մասին՝ դեսպանը նշեց, որ չի կարծում, որ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի հայաստանցի աշխատակիցները «ճաշ» եփել չգիտեն, չեն կարողանում համատեղել աշխատանքը ընտանիքի հետ: «Նրանք շատ լավ աշխատում են»,- նկատեց նա:
 
Ջուդիթ Ֆարնուորթի խոսքով՝  պետք է պարզապես հասկանալ, որ եթե երկիրը ցանկանում է ծաղկում և աճ ապրել, պետք է օգտագործի հասարակության ամբողջ` այդ թվում կանանց պոտենցիալը:
 
«Ես չեմ ձևացնի, թե շատ բան գիտեմ Հայաստանում կանանց իրականության մասին,- ասաց նա` նկատելով, որ այս պարագայում  ցանկացած լուծում պետք է լինի և՛ ներսից, և դրսից,-Այստեղ տղամարդիկ էլ շատ կարևոր են»: