Սերժ Սարգսյանն է սպանել իմ մորը, նա թույլ չի տա Կարեն Կարապետյանն ինձ հետ շփվի․Հմայակ Հովհաննիսյանը՝ Կարապետյանի կուսակցությանն անդամակցելու մասին.
 
 
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն իր և Կարեն Կարապետյանի համագործակցության մասին լուրերը նոր կուսակցության ստեղծման շրջանակներում համարում է ֆեյք։ PrimeNews.am-ի հետ զրույցում Միության նախագահը պնդում է, որ երկար տարիներ չի հանդիպել կամ խոսել Կարեն Կարապետյանի հետ, քանի որ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանն արգելել է հանրապետականներին շփվել իր հետ։ «Ինչպես ասում է Դոնալդ Թրամփը՝ սա ֆեյք է՝ սուտ, վարձատրված լրատվություն։ Այս ֆեյքը տարածվել է ԲՀԿ ներկայացուցիչների կողմից, քանի որ 1in.am-ին այս ամսվա 12-ին երբ հարցազրույց տվեցի՝ շեշտելով, որ օլիգարխների մուտքը Ազգային Ժողով պետք է արգելափակվի, դրանից հետ Ծառուկյանի «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում Գևորգ Պետրոսյանը ջղաձիգ հայտարարությամբ է հանդես եկել։ Ես Քաղաքագետների միության նախագահն եմ և ոչ մի կուսակցությանը հարել չեմ կարող, չկա նման բան իսկ Կարեն Կարապետյանն էլ ոչ մի հարցով ինձ չի դիմել։ Չգիտեմ հնարավոր է դիմի և այլն, բայց նման բան չի եղել»,-ասում է Հմայակ Հովհաննիսյանը և հավելում, որ չի էլ լսել, թե Կարապետյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել։
 
 
 Հովհաննիսյանը համոզված է, որ ԲՀԿ-ականներն այդ «ֆեյք» լուրը գցել են, որպեսզի իրեն ներկայացնեն անսկզբունք մեկի, որը դեմ է, որ օլիգարխները մուտք գործեն ԱԺ, և միևնույն ժամանակ Հովհաննիսյանը նշում է, որ Կարապետյանին հասարակությունը դիտում է օլիգարխ, մինչդեռ նրա եղբայրն է բիզնեսներով զբաղվում՝ Սամվել Կարապետյանը։ Պարզ է դառնում, որ ԱԺ-ում օլիգարխների արգելքի մասին հայտարարությունից հետո, ԲՀԿ-ականները փորձել են «վրեժ» լուծել և «ֆեյք» լուրերի միջոցով հասարակության մեջ կարծիք են փորձում ստեղծել Հովհաննիսյանի՝ օլիգարխին սատարելու մասով։ Այսպես է մեկնաբանում Հովհաննիսյանն այս ողջ իրարանցումը և հավելում, որ ինքն ու Կարեն Կարապետյանը վաղուցվա ընկերներ են, սակայն Սերժ Սարգսյանի արգելքով նրանք շուրջ 10 տարի չեն տեսնվել։ «Սարգսյանը ոչ մեկին չէր թողնում իրա մարդկանցից, որ հետս շփում ունենային, նա անգամ իմ մորն է սպանել ու ամենաբիրտ հալածանքների ենք ենթարկվել, ու մորս թաղմանը ոչ մի հանրապետական չեկավ։ Չեկան էն հանրապետականներն, ում առաջ մերս հաց էր դրել, ու հիմա հանկարծ սենց բաներ են տարածու՞մ իմ մասին։ Քանի Կարեն Կարապետյանը հանրապետական է, նա ինձ չի զանգի, ես հո գիտեմ՝ ովա գցել էդ ֆեյք լուրը, դա ակնհայտ է։ 
 
 
 
 
 
 Հիշեցնենք, որ այսօր «Ժամանակ» թերթը գրել էր, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Կարապետյանն առաջիկայում պատրաստվում է կուսակցություն ստեղծել։ Թերթը նաև նշել էր, որ Կարապետյանը կուսակցությանն անդամակցելու առաջարկ է արել նաև Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին, որն էլ ոչ միայն ընդունել է առաջարկը, այլ ակտիվորեն սկսել է զբաղվել կուսակցության հնարավոր անդամների հավաքագրմամբ։
 
 
 
Հեղինակ՝ Արմինե Միքայելյան