Սերժ և Ռիտա Սարգսյանների հոգեզավակի ահռելի ունեցվածքը և որպես կարիքավոր ստացած բնակարանը.
 
 
ՀՀ Վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին
 
 
Բաց նամակ
 
 
Մեծարգո պարոն վարչապետ,
 
 
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում Սերժ և Ռիտա Սարգսյանների հոգեզավակ, ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալ գնդապետ Վիտալի Ոսկանյանի նշանակման, նրա թաքցրած ունեցվածքի, ինչպես նաև անձնական միջոցների վերաբերյալ տեղեկություններ:
 
 
Իմ տեղեկություններով, Վիտալի Ոսկանյանը հանդիսանում է Սերժ և Ռիտա Սարգսյանների ծանոթության միջնորդը: Շատ դեպքերում նրան դիտարկում են որպես Սերժ և Ռիտա Սարգսյանների որդի կամ նրանց հոգեզավակ, կապի երաշխավոր: Դրանով է պայմանավորված նրա ահռելի ունեցվածքը, որը չեր կարող գոյանալ զինվորական ծառայության դիմաց ստացված աշխատավարձից:
 
 
Վիտալի Ոսկանյանը 2017 թվականին լինելով ՀՀ ՊՆ կադրերի ռեզերվում, ինչ-ինչ եղանակով ընդգրկվել է ՊՆ կարիքավոր սպաների ցուցակում և ստացել բնակարան: Այնինչ նա բնակվում է Երևանի կենտրոնում, շքեղ բնակարանում, Սախարովի անվան հրապարակում: Վարում է գերթանկարժեք 2018թ արտադրության՝ MERCEDES-BENZ E400 4 matic մակնիշի, 99VU999 պետհամարանիշներով ավտոմեքենա, որի արժեքը մոտավոր հաշվարկով կազմում է՝ 100, 000 (հարյուր հազար) ԱՄՆ դոլար, իսկ պետհամարանիշների արժեքը կազմում է ուղիղ՝ 1, 500, 000 ՀՀ դրամ, կամ մոտ 3000 ԱՄՆ դոլար:
 
 
Իմ տեղեկություններով նա Եղվարդում ունի մեծ հողամաս որի վրա տեղակայված է մոտ 1, 000, 000 ԱՄՆ դոլար արժողությամբ ջերմոցային տնտեսություն:
 
 
Նրա կողմից ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին 19.06.2018թ. ներկայացված հայտարարագրում (տես հղումը՝ http://www.ethics.am/hy/declarations-registry/id=31589/), ներառված են նաև փոխառություն՝ 20, 000 ԱՄՆ դոլար, դրամական միջոցներ՝ 25, 000 ԱՄՆ դոլար, 13, 000 ԵՎՐՈ և 4, 800, 000 ՀՀ դրամ, ինչպես նաև 7 միավոր տրանսպորտային միջոցներ՝ 3 հատ ավտոբուս, 4 հատ մարդատար թանկարժեք մեքենա, հողամաս, հասարակական նշանակության շինություն:
 
 
Մոտավոր հաշվարկով նրա կարողություն կազմում է առնվազն՝ 1, 400, 000 ԱՄՆ դոլար կամ 679, 000, 000 ՀՀ դրամ, ինչը նրա մոտ 160 (հարյուր վաթսուն) տարվա աշխատավարձի չափն է:
 
 
Մեծարգո պարոն Վարչապետ, ակնհայտ է, որ Վիտալի Ոսկանյանի ունեցվածքի չափը չի կորող ողջամտորեն հիմնավորվել նրա օրինական եկամուտներով, որոնք գոյանում են նրա զինծառայողի աշխատավարձից, ինչը առերևույթ հիմնավոր կասկածներ է հարուցում ՀՀ Քրեական Օրենսգրքի 310.1 հոդվածով նախատեսված հատկանիշների առկայության մասին, այն է՝ ապօրինի հարստացումը:
 
 
Խնդրում եմ ստուգեք նշված տեղեկությունները, հաստատվելու դեպքում՝
Խնդրում եմ Ձեր անհապաղ միջամտությունը, նրա և նման զինվորականների նկատմամբ Օրենքի տառի ներգործության ապահովելու համար:
 
 
Թավշյա հեղափոխությամբ ոգեշնչված՝ ՀՀ քաղաքացի