Թավշյա հեղափոխության ֆորմալ հաղթանակն արձանագրվեց մայիսի ութին, երբ Նիկոլ Փաշինյանը երկրորդ փորձից Ազգային ժողովի կողմից ընտրվեց վարչապետ։ Բայց համազգային խանդավառության ու հաղթանակի օրն ապրիլի 23-ն էր՝ ըստ էության, հեղափոխության էյֆորիայի կուլմինացիան, երբ հրաժարական տվեց իշխանության անփոխարինելիության սիմվոլ հանդիսացող Սերժ Սարգսյանը։ Այլևս ակնհայտ էր, որ քրեաօլիգարխիկ համակարգը պարտված է, եթե նույնիսկ դիմադրության իներցիոն կամ ավտոնոմ ջանքեր գործադրվեն։ Սերժ Սարգսյանից հետո չէր գտնվելու որևէ գործիչ, որն ունակ լիներ դառնալ փլուզվող համակարգի կոնսենսուսը։ ՀՀԿ-ում սա գիտակցում էին ու թերևս այդ պատճառով ձեռնպահ մնացին թեկնածու առաջադրելուց, սակայն միայն քրեաօլիգարխիային բնորոշ բնազդներով որոշեցին մայիսի 1-ին ընդդիմանալ նաև Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։
 
Դրա քաղաքական էֆեկտը զրոյական էր. հեղափոխությունը հաղթանակ տարավ ընդամենը յոթ օր հետո, թերևս ավելի տպավորիչ ու համոզիչ՝ ՀՀԿ-ի վերջնական մարգինալացման գնով։
 
 
Հուլիսի 26-ը խորքային, հետևանքային առումով նույնիսկ ավելի շրջադարձային օր է. քրեաօլիգարխիան արժանանում է համապարփակ գնահատականի՝ ժամանակային, բովանդակային և իրադարձային հարթությունների վրա։
Հայկական քրեաօլիգարխիկ համակարգի հիմնադիր հայրը, այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյանն է, որի նկատմամբ քրեական հետապնդումն ըստ էության ի դերև է անում հին համակարգի ռեստավրացիայի բոլոր շանսերը, եթե նույնիսկ երկրորդ նախագահը մինչև վերջ պայքարելու վճռականություն է ցուցաբերում։ Դա ավելի շատ ոչ թե մտածված քաղաքական ուղերձ է, այլ հուսահատ ճիգ, որի միջոցով Քոչարյանը փորձում է քաղաքական աստառ հաղորդել իր անձին առնչվող քրեական քրոնիկոնին։
Հեղափոխության հաղթանակից հետո ամեն օր Ռոբերտ Քոչարյանը սպասում էր դեպքերի նման հանգուցալուծման՝ թերևս ներքուստ վերլուծելով, թե իր կատարած ո՞ր ոճիրն առաջինը կարժանանա իրավապահների ուշադրությանը։ Նոր իշխանության մարտավարությունը թերևս անխոցելի է, որովհետև գերակայությունը տրվեց համակարգաստեղծ ոճիրի՝ Մարտի 1-ի բացահայտմանը։ Սա այն նշանային իրադարձություններից մեկն է, որը հանցագործության հենքով լիակատար «համերաշխություն» է ստեղծում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահությունների միջև՝ նրանց համար ընդհանրական ու ամբողջական դարձնելով «գողապետության» ցուցանակը:
 
 
Երեկ գողապետությունը փլուզվեց վերջնականապես, երբ Ռոբերտ Քոչարյանը «միակ տղամարդու», «վոինի» արհեստական կերպարից գահավիժեց անդունդ՝ վիրավոր ու անօգնական գազանի վարքագծով։
 
 
Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգը խլել է մեր հանրապետության 27 տարիներից քսանը՝ վիշապի պես խցանելով Հայաստանի զարգացման ճանապարհը, շրջափակելով քաղաքակիրթ աշխարհ տանող բոլոր ճանապարհները։ Սերժ Սարգսյանն արդեն իսկ հայտնվել է կոռուպցիոն բացահայտումների շրջափակման մեջ՝ դառնալով աննախադեպ թալանի խորհրդանիշ։
 
 
Ռոբերտ Քոչարյանն այսօր կկալանավորվի. հրապարակվող դատավճիռն անհատականացված է միայն ֆորմալ, դատաիրավական հարթության վրա՝ ըստ էության հանդիսանալով իրավաքաղաքական ակտ, որը կայացվում է գողապետության, նրա քսան տարիների համար։
 
 
Սերժ Սարգսյանի ապրիլի 23-ի հրաժարականը կանխորոշեց հեղափոխության թեկնածուի հաղթանակը վարչապետական ընտրություններում։ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը հեղափոխության համապարփակ հաղթանակի անշրջելիության քաղաքական ակտն է։
 
 
Հայաստանը ձերբազատվում է իր պատմության նվաստացուցիչ երկու տասնամյակների կոռուպցիոն և արյունոտ խարանից ու հակահեղափոխության ռևանշի վտանգից։ Սկսվում է հեղափոխության, այսպես կոչված, ինստիտուցիոնալիզացիայի կամ պետական կառավարման տրանսֆորմացվելու բարդ ու բազմաշերտ փուլը, որը պակաս պատասխանատու առաքելություն չէ, քան կոռուպցիայի դեմ պայքարը կամ արյունոտ ոճիրների խորհրդանիշ Ռոբերտ Քոչարյանին բանտ ուղարկելը։ Նոր փուլում պետք է երևա հեղափոխության ռացիոնալ դեմքը կամ բացահայտվի նրա պետականաստեղծ պոտենցիալը։ Այս փուլում արդեն պաթոսն ու տեսարաններն իրենց տեղը պետք է զիջեն արդյունավետ, կրեատիվ գործունեությանը։
 
 
Աղբյուրը՝ 1in.am
 
 
Հեղինակ՝ Սարգիս Արծրունի