Սերժ Սարգսյանի ակնարկը Քոչարյանին. Երկրորդ նախագահի որոշումը
«Ինչ-որ տենդենց կարող է նշմարվել. խոսքը վերաբերում է ոչ միայն Քոչարյանին, այլև ռազմական գործիչներին, ովքեր երկար տարիներ հստակ աներկբա դիրքորոշում են ունեցել մեր և Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում, ինչ-որ տենդենց տեսնում եմ, հենց այդ մարդկանց է մեղադրանք առաջադրվում: Այնպես որ, որոշ մտահոգություններ այդ առումով կան», երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված մեղադրանքի վերաբերյալ հայտարարել է Արդարադատության նախկին նախարար ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը:
 
 
Հարությունյանի այդ գնահատականից քիչ անց տարածվեց ՀՀԿ հայտարարությունը, որտեղ նույնպես մտահոգություն հայտնելով Ռոբերտ Քոչարյանի կապակցությամբ, Հանրապետականը դարձյալ անդրադառնում է  Արցախի խնդրին: «Արցախյան հիմնախնդրում աներկբա հաստատակամություն ցուցաբերած նախկին գերագույն գլխավոր հրամանատարին և արցախյան ազատամարտի հաղթանակի վճռորոշ դերակատարներից մեկին օրինականության սկզբունքի հետ որևէ ընդհանրություն չունեցող շինծու և արհեստական մեղադրանքի առաջադրումը դիտում ենք որպես Արցախյան հիմնախնդրի շուրջ տարիներ շարունակ առկա մոտեցումներից արմատապես տարբերվող հնարավոր զարգացումների ընդդիմախոսներին լռեցնելու փորձ», հայտարարել է ՀՀԿ-ն:
 
 
Հանրապետական կուսակցությունն ըստ երեւույթին որոշել է այդպես աջակցել Քոչարյանին, նրա հանդեպ ՀՔԾ քայլերը քաղաքական առումով դիտարկելով արցախյան խնդրի առնչությամբ դիրքորոշման համատեքստում: Փաստացի, ՀՀԿ-ն ասում է, որ Քոչարյանին հետապնդում են, որովհետեւ նա Արցախի խնդրում ունեցել է հաստատակամ դիրքորոշում:
 
 
Իհարկե այստեղ առաջանում է հարց՝ ո՞րն է եղել այդ դիրքորոշումը, Մադրիդյան սկզբունքնե՞րը: Եթե այո, ապա դրա ի՞նչն է հաստատակամ, եթե այն գործնականում տեղավորվում է Հայաստանի բոլոր երեք նախագահների որդեգրած տրամաբանության մեջ՝ «տարածք կարգավիճակի դիմաց», որով փաստորեն ճանաչվել է տարածքների հանդեպ Բաքվի իրավունքը եւ այդպիսով Հայաստանը դրել բավական բարդ եւ փակուղային դիվանագիտական իրավիճակում, Ադրբեջանին տալով ագրեսիայի լեգիտիմ իրավունք ձեռք բերելու ժամանակ եւ տարածություն:
 
 
Երեք նախագահների այդ տրամաբանության հետեւանքը հայկական զինուժն ու հանրությունը կարողացան ծանր գնով մաքրել ապրիլյան քառօրյայի ընթացքում, ստեղծելով նոր իրավիճակ:
 
 
Իհարկե, տարբեր են եղել կարգավիճակի առնչությամբ երեք նախագահների մոտեցումները, սակայն տարածքների, կարգավիճակի հետ դրանց կապակցվածության հարցում նրանց ընդհանուր տրամաբանությունն է եղել առանցքայինը, որն օգտագործել է Ադրբեջանը:
 
 
ՀՀԿ հայտարարության մեջ սակայն հետաքրքիր է այն, որ Քոչարյանն ինքը իր հանդեպ քաղաքական հետապնդումը, համենայն դեպս Երկիր Մեդիային տված բացառիկ հարցազրույցում, պայմանավորում էր ոչ թե Արցախի խնդրում «հաստատակամությամբ», այլ պարզապես խորհրդարանի արտահերթ ընտրությանը իր հնարավոր քաղաքական ակտիվ մասնակցությամբ, ասելով, թե ուզում են չեզոքացնել դա:
 
 
Այստեղ պահը հետաքրքիր է, որովհետեւ այդ ասելով, Քոչարյանը նաեւ բավական թափանցիկ ակնարկում էր, որ այդ ակտիվությանը նաեւ Սերժ Սարգսյանն է դեմ, հիշեցնելով, որ եղել է նրա ընդդիմախոսը եւ խզել է նրա հետ կապը:
 
 
Հիմա Սերժ Սարգսյանն ըստ երեւույթին փորձում է խնդիրը տեղափոխել այլ՝ արցախյան դիրքորոշման հարթություն, Քոչարյանին գուցե ցույց տալու համար, որ նրա դեմ խաղում ինքը չկա եւ հետեւաբար պետք է մշակել ընդհանուր ռազմավարություն Նիկոլ Փաշինյանի դեմ, նրան վերստին կապելով գուցե Տեր-Պետրոսյանին:
 
 
Չի բացառվում, որ այդ ռազմավարությունը շուտով կկառչի նաեւ կառավարական ամառանոցում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից, որը տեղի էր ունեցել օրերս, եւ ըստ պաշտոնական տեղեկության՝ քննարկվել են արտաքին քաղաքականությանն ու Արցախին առնչվող հարցեր: Հանդիպումը տեղի էր ունեցել Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ:
 
 
Ուշագրավը սակայն այն է, որ անդրադառնալով այդ հանդիպմանը, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Տեր-Պետրոսյանն ընդամենը ուզել էր հանդիպել, որպեսզի հայտնի Արցախի գործընթացի վերաբերյալ տեղեկություններ, եւ քննարկում որպես այդպիսին չի եղել: Ավելին, Փաշինյանը հայտարարել էր նաեւ, որ նույնիսկ չի եղել նրա հայտնածների մեջ որեւէ տեղեկություն, որն իր համար նորություն էր:
 
 
Այդպիսով, Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով ուղղակի մերժեց Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ավելին, Փաշինյանը նաեւ Արցախի խնդրի վերաբերյալ իր հայտարարություններով է մերժել Տեր-Պետրոսյանին, ու ոչ միայն նրան, այլ երեք նախագահներին ընդհանրապես:
 
 
Ըստ այդմ, ինչի՞ վրա է կառուցելու իր ռազմավարությունը ՀՀԿ-ն, կամ նաեւ Քոչարյանը, եթե ընդունի Սերժ Սարգսյանի առաջարկն ու միանա նրան: Ո՞րն է լինելու Նիկոլ Փաշինյանին այդ առումով «մեղադրելու» հիմքը, եթե նա արել է հայտարարություններ, որոնց ֆոնին հենց Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու Տեր-Պետրոսյանի հայտարարություններն են «ոչ հաստատակամ», ու ըստ էության կստացվի, որ «հետապնդվում» է «ոչ հաստատակամ» հայտարարությունների հեղինակը:
 
 
Իրավիճակն իհարկե կատակի կամ զավեշտի չէ, սակայն ավելի վտանգավոր են մանիպուլյացիաները, որ փորձում է անել ՀՀԿ-ն՝ Արցախի խնդիրը դարձնելով ներքաղաքական շահարկման առարկա:
Առավել եւս, որ, եթե Արցախի խնդրում «հաստատակամ» դիրքորոշմամբ Քոչարյանը «հետապնդվում» է, ապա մյուս կողմից չէ՞ որ ազատության մեջ են հայտնվում Արցախի հարցում ոչ պակաս հաստատակամ եւ նույնիսկ ավելի արմատական դիրքորոշում ունեցող Սէֆիլյանն ու համակիրները: Եվ ի վերջո նաեւ Սամվել Բաբայանը, որի «հաստատակամությունը» թերեւս պետք է որ ՀՀԿ-ն չգնահատի ավելի ցածր, քան Քոչարյանինը, բայց որը ազատության մեջ է, իսկ անազատության մեջ էր հայտնվել ՀՀԿ իշխանության շրջանում: