2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով երեկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելը: ՀՔԾ հաղորդագրությունում ասված է, որ մեղադրանքը առաջադրվել է նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա: Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
 
 
Խաչատուրովը Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ եղել է Երևանի կայազորի պետը և անմիջական մասնակցություն է ունեցել տասը տարի առաջ տեղի ունեցած արյունոտ սպանդի նախապատրաստմանն ու կազմակերպմանը։
 
 
 
Թերևս Սերժ Սարգսյանի կողմից Խաչատուրովի «ծառայությունը» գնահատվել է ըստ արժանվույն, ու պատահական չէ, որ նա վերջինիս նախագահության շրջանում դարձավ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ մարմնավորելով օլիգարխացած գեներալիտետի հավաքական կերպարը։
 
 
 
Հենց Խաչատուրովի կոռումպացված հավաքական կերպարով հայկական բանակը դիմավորեց Ապրիլյան պատերազմը՝ բոլոր առումներով անպատրաստ։
 
 
Խիստ ուշագրավ է այն հանգամանքը, որ երբ Քառօրյա պատերազմի երրորդ օրն առաջնագծում հայկական զինված ուժերը բեկել էին իրավիճակը ու անցել էին տոտալ հակահարձակման, հենց Խաչատուրովը՝ ռուսական միջնորդությամբ, Մոսկվայում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ զինադադարի համաձայնության եկավ։ Ավելի ուշ Դմիտրի Կիսելյովին տված հայտնի հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պետք է խոստովաներ, որ անտեղյակ է Խաչատուրովի վարած բանակցությունների մանրամասներից։ Թվում է՝ զավեշտ է, սակայն ապրել ենք հենց նման իրականությունում, և պատահական չէ, որ անգամ ռուսաստանյան ԶԼՄ-ները գրում էին, թե Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է դարձել Հայաստանի քվոտայով, սակայն Մոսկվայի լոբբինգի արդյունքում։
 
 
 
Երեկ, մինչև հարցաքննվելը, Խաչատուրովն ակնհայտորեն բարձր տրամադրություն ուներ ու լրագրողներին վստահաբար ասել էր, որ վկայի իր կարգավիճակը փոխվել չի կարող։ Թերևս Խաչատուրովի ինքնավստահության աղբյուրը եղել է իր այսօրվա կարգավիճակը, այլ խոսքով՝ ռուսական հնարավոր աջակցությունը։
 
  
Մոսկվան չի կարողացել կամ չի ցանկացել միաջամտել. համենայնդեպս՝ այդպիսի եզրակացության կարելի է գալ ՀՔԾ հաղորդագրությունից ու այն տխուր հեռանկարից, որը սպասվում է Խաչատուրովին։
 
 
Վերջինիս դեպքն առանձնահատուկ է, որովհետև նա, ի վերջո, դիվանագիտական ծառայության մեջ է ու Հայաստանը ներկայացնում է ՀԱՊԿ-ում, որը մեր երկրի համար համարվում է ռազմավարական կարևորություն ունեցող ռազմաքաղաքական բլոկ։ Շատերը մտավախություն են հայտնում, թե Խաչատուրովին քրեական հետապնդման ենթարկելով՝ Հայաստանի կառավարությունը խաղում է մեր երկրի միջազգային վարկի, ՀԱՊԿ-ի հեղինակության հետ։ Բացարձակապես հիմնազուրկ կարծիք է. ճիշտ հակառակը՝ պաշտոնական Երևանն անում է առավելագույնը, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները ձերբազատի կրիմինալ շերտից։
 
 
Վստահ ենք՝ Խաչատուրովի հնարավոր կալանավորումը որևէ կերպ չի անդրադառնալու ՀԱՊԿ հեղինակության վրա։ Նախ՝ գլխավոր քարտուղարն այս կազմակերպությունում ունի զուտ արարողակարգային գործառույթներ, իսկ Խաչատուրովի պաշտոնավարման շրջանում այս ինստիտուտը կորցրել էր իր ֆունկցիոնալ նշանակությունն առհասարակ։ Բացի այդ, գործընկերները նույնիսկ պետք է շնորհակալ լինեն Հայաստանի նոր կառավարությանը, որ ՀԱՊԿ հեղինակությունը չի զոհաբերվել, այսպես կոչված, հայկական սոլիդարության դրսևորմանը, և միջազգային կազմակերպությունը փաստորեն ազատվել է կրիմինալ բեռից։
 
 
Իհարկե, չենք բացառում, որ ռուսական գեներալիտետի որոշակի շրջանակների անհանգստացնի Խաչատուրովի այսօրվա աննախանձելի կարգավիճակը, սակայն եթե նույնիսկ ընդդիմախոսության մեկ-երկու դրսևորումներ լինեն, դրանք լոկալ բնույթ են ունենալու ու վստահաբար լուրջ ազդեցություն ունենալ չեն կարող հայ-ռուսական կամ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների վրա։
 
 
Հայաստանում վերջին երկու օրերին ծավալվող դրամատիկ իրադարձությունների ֆոնին Խաչատուրովի անունը նույնիսկ լսելի էլ չէ. որոշակի ներքին ու արտաքին մարտահրավերներ կարող է ծնել Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, որի համատեքստում ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարի պատմությունը մի փոքրիկ, շուտ մոռացվող էպիզոդ է։
 
 
 
Հեղինակ՝ Սարգիս Արծրունի