Քոչարյանի կալանավորումը և Հայաստանում ստեղծված նոր իրավիճակը.
Մեկ ամբողջ օր պահանջվեց, որպեսզի հանգուցալուծվի Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատական ինտրիգը․ նա կալանավորվեց։ Սա այն բացառիկ դեպքերից մեկն է, որ ամբողջովին ներդաշնակ են հասարակական տրամադրություններն ու նախաքննության տրամաբանությունը։
 
 
Հայաստանի համար ստեղծվել է միանգամայն նոր իրավիճակ, որին դեռ պետք է ադապտացվենք․ Երրորդ հանարապետությունը չունի նախադեպ, երբ մեղադրյալի կարգավիճակում, առավել ևս՝ անազատության մեջ է հայտնվում երկրի նախկին ղեկավարը։ Քոչարյանի նախադեպը շատ կարևոր է կառավարման նոր մշակույթ ձևավորելու, իշխանության մասին հասարակության ձևախեղված պատկերացումները փոխելու համար։ Վերջապես պետք է ամրապնդվի, անշրջելի դառնա հանրային այն դիրքորոշումը, որ իշխանությունը պատասխանատվություն է, ծառայություն, իսկ դրա չարաշահումը կարող է հանգեցնել անգամ քրեական հետևանքների։ Նոր իրողությունները ենթադրում են հասարակություն-իշխանություն հարաբերությունների արդիական, կրեատիվ բանաձևեր, որակ, որոնց կայացման ճանապարհին առանցքային, կարևոր դերակատարություն է վերապահված ընտրական ինստիտուտներին։
 
 
Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի համատեքստում․ հենց սա է այժմ Մարտի 1-ի գործի, այսպես կոչված, մագիստրալ, հիմնական վարկածը։ Եթե Մարտի 1-ի գործի քննությունն ու դատավարությունը ընթանան հենց այս սցենարով, ապա ստացվում է՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը տաս տարի շարունակ գործել է լեգիտիմության դաշտից դուրս, որովհետև Ռոբերտ Քոչարյանն իր ժառանգորդին իշխանությունը փոխանցել է սահմանադրական կարգի տապալման միջոցով։
 
Այս տրամաբանությունը գրեթե անխուսասփելի է դարձնում Սերժ Սարգսյանի ներգրավումը Մարտի 1-ի գործում․ երրորդ նախագահը չէր կարող իր կամքից անկախ դառնալ սահմանադրության լուսանցքում ձևավորված իշխանության առաջին դեմք՝ առանց գործընթացին գործուն, ակտիվ մասնակցություն ունենալու, մանավանդ, որ հենց նա էր ընտրական գործընթացի հիմնական սուբյեկտը և այն օրերի վարչապետը։
 
 
Սակայն նույն տրամաբանությամբ՝ հակասահմանադրական են ոչ միայն Սերժ Սարգսյանի իշխանությունն, այլ նաև՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության առաջին և երկրորդ ժամկետները։ 1998-ի նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն առաջադրվելու իրավունք չուներ․ սահմանադրությունը սահմանում էր քաղաքացիության և բնակության որոշակի ցենզ, ինչին նա չէր բավարարում։ 1998-ի նախագահական ընտրություններն ոչ լեգիտիմ էին՝ նույնիսկ անկախ արդյունքներից․ դրանց մասնակցում էր թեկնածու, որը դրա իրավունքը չունի։ Քսան տարի առաջ Քոչարյանը փաստորեն յուրացրել է իշխանությունը։
 
 
Եթե նույնիսկ համարենք, որ 2003-ի նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանը հաղթանակ է տարել, ապա Սահմանադրական դատարանը նրա հաղթանակը լեգիտիմ ճանաչել է նախապայմանով՝ պահանջելով մեկ տարի հետո երկրում անցկացնել Վստահության հանրաքվե։ 2004-ի ապրիլին Քոչարյանն ոչ միայն հանրաքվե չանցկացրեց, այլ ապրիլի 12-ին ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց դրա անցկացումը պահանջող ցուցարարների դեմ, զավթեց երկրի երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակները ու ազատությունից զրկեց ընդդիմության մեկ տասնյակից ավելի գործիչների։ Այդ իրադարձություններից հետո Ռոբերտ Քոչարյանի իշխանությունն ամբողջովին կորցրեց իր քաղաքական և իրավական լեգիտիմությունը։
 
 
Իսկ եթե հերթը հասնի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ամբողջական և համապարձակ բացահայտմանը, ապա Քոչարյանի մեղադրանքի ծավալն էապես մեծանալու է․ բոլոր փաստերը վկայում են, որ նա մեղսակից է խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչական ակտի կազմակերպմանը, ըստ այդմ՝
 
 
Հայաստանում ամբողջական իշխանությանը տիրացել է ահաբեկչության, պետական հեղաշրջման միջոցով։
 
 
Հայաստանը փաստորեն քսան տարի ապրել է հակասահմանադրական ռեժիմում՝ գտնվելով քրեաօլիգարխիայի ռեժիմի ճիրաններում։ Դա այսօր հիմնավորվում է ոչ միայն քաղաքական, այլ նաև՝ իրավական գնահատականների մակարդակում։
 
 
Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը այն խորհրդանշական սահմանագիծն է, որը հետևում է թողնում հակասահմանադրական, քրեական մտածողութունը՝ Հայաստանում ստեղծելով նոր որակի իշխանության ձևավորման քաղաքական, ինստիտուցիոնալ հիմքեր։
 
 
Հեղինակ՝ Սարգիս Արծրունի