Ալեքսանդր Բաբասյանն 2017-ի սկզբին հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ ցանկանում է հետաքրքիր ուղեւորություններով լի տարի անցկացնել: Արդյո՞ք շատ է շրջագայել, եւ թե որտեղ է դիմավորելու գալիք տարին, դերասանը պատմել է    կնոջ եւ որդու հետ լուսանկարվել է նաեւ մեր տոնական ֆոտոշարքում:
 
Մանկությանս տարիներին միշտ հավատացել եմ Ձմեռ պապիկին, նամակ եմ գրել, սպասել նրա նվերներին: Հիշողություններումս դեռ վառ են Ամանորի եւ Սուրբ Ծննդյան նախապատրաստական աշխատանքները. այդ օրերին մեր տանը բոլորը շատ խառն էին, անում էին ամեն ինչ՝ տոները գեղեցիկ եւ անմոռանալի դարձնելու համար: Որպես կանոն՝ բոլոր հայկական ավանդական ընտանիքների նման, Նոր տարին դիմավորում էինք տատիկ-պապիկի տանը: Նրանք էլ մեր նվերները միշտ գեղեցիկ կերպով էին մատուցում: Կեսգիշերային հրավառությունն եմ հիշում: Շատ ուրախ էինք դիմավորում Նոր տարին: Այդ ամենը հիմա էլ ես եմ փորձում ապահովել իմ ընտանիքում՝ որդուս համար:
 
Տոնածառ զարդարելը՝ պարտադիր պայման
 
Որքան էլ զբաղված լինեմ, տոնածառ զարդարելու համար ժամանակ միշտ գտնում եմ: Այն ինձ համար հոգեւոր խորհուրդ ունի: Եթե հանկարծ տուն գամ եւ տեսնեմ, որ առանց ինձ են զարդարել, հնարավոր է՝ բարկանամ: Հաճելի է նաեւ նախատոնական գնումներին մասնակցել՝ զարդարանքներ, նվերներ: Բայց քանի որ ժամանակս իսկապես սուղ է, դրանցով Լիլիթն է հիմնականում զբաղվում: Վստահում եմ նրա ճաշակին:
 
«Եթե ամեն ինչ գեղեցիկ եւ ճոխ լինի…»
 
Գուցե սնահավատություն է, բայց մտածում ենք՝ եթե ամեն ինչ գեղեցիկ լինի, ճոխ եւ ուրախ, տարին էլ նույն կերպ կանցնի: Երբ Ամանորին շատ հյուրեր ես ունենում, նրանց լավ ես ընդունում, ողջ տարին ուրախ, տոնական տրամադրությամբ է անցնում՝ լի հյուրերով: Մեծ ոգեւորությամբ ենք պատրաստվում, որովհետեւ ե՛ւ իմ, ե՛ւ Լիլիթի սիրելի տոներից է, եթե ոչ՝ ամենասիրելին:
 
Տարեմուտը՝ արտերկրում
 
Իմ կյանքի 35 Ամանորից միայն 3-ը տանը չեմ դիմավորել. արտերկրում էինք: Ցավոք, թե բարեբախտաբար, այս տարի եւս Հայաստանում չենք նշի, բայց բնակարանը եւ եղեւնին անպայման կզարդարենք: Մեր որդու՝ Ալեքսանդրի համար տոնական տրամադրությունը նաեւ մեր տանը կապահովենք: 2018 թվականը կդիմավորենք Ստոկհոլմում: Այնտեղ Սուրբ Ծնունդը հեքիաթային են նշում: Ուզում եմ ընտանիքիս հեքիաթային օրեր պարգեւել: Վերադառնալով Երեւան` կայցելենք մեր հարազատներին, մտերիմներին ու նրանց եւս կշնորհավորենք:
 
Ձեռքբերումներ եւ ակնկալիքներ
 
Տարեսկզբին ասել էի, որ շրջագայությունների տարի եմ ուզում: Ցանկությունս իրականացավ. այցելել եմ Եվրոպա, Ռուսաստան եւ Վրաստան: Պապիկս ասում էր, որ ճամփորդությունները՝ նոր մարդկանց, ազգերի ճանաչելը, անհրաժեշտություն են: Որքան շատ ազգերի հետ է շփվում մարդը, այնքան ավելի բազմակողմանիորեն է զարգանում: Տարին շատ լավն էր ինձ համար՝ լի դրական զգացողություններով: Բարեհաջող էր նաեւ կարիերայիս առումով. սերիալներում, ֆիլմերում եմ խաղացել՝ մարմնավորելով իմ դեռեւս ամենահաջողված կերպարները: Հուսով եմ` 2018-ն էլ ավելի լավ կլինի բոլոր առումներով: Բարձունքների տարի թող լինի: Ուրախություն, առատ սեղաններ եւ լույսերով լի Ամանոր եմ մաղթում բոլորին: Որքան շատ լույս, այնքան ավելի լուսավոր կլինի տարին: