Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը և Սասնա Ծռեր խմբավորումը ողջունում են Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու և նրան կալանավորելու ուղղությամբ նոր իշխանոթյան օրոք իրավապահ մարմինների ձեռնարկած քայլերը, այն համարելով Թավշյա հեղափոխության կարևորագույն արդյունք և իրողություն:
 
 
Այս որոշումը ոչ միայն արդար հույս է ծնում Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի և 1998 – 2008 թվականներին մեր իրականության մեջ տեղ գտած և բազում զոհերով զուգորդված հանցագործությունների բացահայտման և արդարության հաստատման ուղղությամբ, այլև կարևորագույն քայլ է հանդիսանում կապված Հայաստանում, հատկապես 1998թ․-ից սկսյալ, Ռոբերտ Քոչարյանի կողմից սահմանադրական կարգը տապալելու և ժողովրդի իշխանությունը զավթելու գործողություններին իրավական գնահատական տալու և դրանով հանդերձ՝ ապագայում դրանք երբևէ թույլ չտալու առումով։
 
 
Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիների նրա վարած ապազգային քաղաքականությունը հիմնականում արտացոլվել է հետևյալում․
 
Արցախի հիմնահարցի շահարկում, միաժամանակ՝ Արցախի հարցում դավաճանական և պարտվողական քաղաքականության որդեգրում
     Հայաստանի ինքնիշխանության զիջում օտար ուժերին, հատկապես՝ Ռուսաստանին
     Քրեաօլիգարխիկ համակարգի ձևավորում, և քրեական համակարգի ներթափանցում պետական ու հանրային բոլոր ոլորտներ, հակապետական, հակազգային և հակամարդկային, կլանային և անձնական շահերի ծառայող քաղաքականության վարում:
 
 
     Իհարկե մինչև Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալը մեր երկրի կառավարման համակարգում արդեն տեղ էին գտել նշված խեղումները, սակայն իր պաշտոնավարման տարիներին Ռոբերտ Քոչարյանը աննախադեպ կործանարար չափերի հասցրեց դրանք և Հայաստանը «նոր որակով» կառավարելու լծակները Մարտի 1-ի արդյունքում հանձնեց իր հանցակից գործընկեր Սերժ Սարգսյանին, որն էլ իր հերթին հաջորդ տասնամյակում երկիրը վերածեց բռնապետության և այն կանգնեցրեց անդունդի եզրին։
 
 
 
 
 
Կրկին ողջունելով Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը և Սասնա Ծռեր խմբավորումը հույս են հայտնում, որ այս քայլը ոչ միայն կծառայի բազում մարդկանց խեղված ճակատագրերի շուրջ արդարության հաստատմանը, այլև կհանդիսանա անցյալի կործանարար քաղաքականությունից անվերադարձ շրջադարձ կատարելու վճռական քայլ։