Ռոբերտ Քոչարյանի գործով պարզունակ իրավական անգրագիտություն է դրսեւորվել. այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը:
«Եթե այդքան ստվար զանգված նման ձեւով մոտեցել է հարցին, ընդ որում, թաքցրել է քրեական գործի նյութերի մի մասը եւ չի տրամադրում մեզ, խախտում է եվրոպական կոնվենցիայի սկզբունքը, ուրեմն դժվար է լինելու արդարացնել Ռոբերտ Քոչարյանին:

 Այնքան ակնհայտ փաստերը, արդարացնող ապացույցները ուղղակի առանց պատճառաբանությունների չեն ընդունվելու, մերժվելու են»,-ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ մի դեպքում հնարավոր կլինի հեշտ արդարացնել Ռոբերտ Քոչարյանին, եթե միջամտի Նիկոլ Փաշինյանը: «Եթե այս գործընթացին միջամտի պարոն վարչապետը: Ճիշտ է, ինձ կասեն՝ իսկ ի՞նչ իրավունք ունի նա միջամտելու: Բայց նա կարող է հանձնարարել գլխավոր դատախազին՝ մի հատ մանրամասն նայեք, խնդրում եմ, իմ անունը հոլովվում է այստեղ: Եթե անի այդ բանը, գուցեեւ իրավիճակը հեշտանա: Այդ դեպքում՝ շատ ավելի հեշտ կլինի արդարացնել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց 2 ամիս ժամկետով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ 2008 թ. նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: