Բաքուն ցույց տվեց հայկական կողմի առավելությունը. գիծը հստակ է
 
 
Եթե նրանք խաղաղություն են ուզում, ապա պետք է դուրս բերեն զորքը եւ դադարեցնեն օկուպացիան, ապահովելով տեղահանվածների վերադարձ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը, ի պատասխան խաղաղության վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների եւ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնության:
 
 
Երեւանը վերջին օրերին դրսեւորեց ռազմա-քաղաքական եւ դիվանագիտական բավական ուշագրավ մոդել եւ մեթոդաբանություն, ռազմա-քաղաքական հարթության վրա աննախադեպ կոշտացնելով մոտեցումներն արցախյան խնդրում առկա իրավիճակի վերաբերյալ եւ Ադրբեջանին զգուշացնելով, որ ռազմական սադրանքի դեպքում կզրկվի «պատերազմի մենաշնորհից»՝ միաժամանակ շեշտադրելով անվտանգության հարցում Ռուսաստանի պատասխանատվությունը, մյուս կողմից դիվանագիտության հարթության վրա սկսելով աննախադեպ նախաձեռնություն: Վարչապետի տիկինը ռուսաստանցի մի շարք հասարակական-քաղաքական կին գործիչների կոչ արեց միանալ Կանայք հանուն խաղաղության իր շարժմանը, այդ թվում դրա գաղափարն ու ոգին փոձելով տարածել նաեւ Բաքվում, ինչի հնարավորությունն ինքը չունի:
Երեւանը գործնականում փաստի առաջ դրեց Ադրբեջանին, միաժամանակ նաեւ բուն խնդիրը ընդհուպ միջազգային շրջանակում դնելով շատ հստակ՝ հայկական կողմի համար անգնահատելի եւ անբեկանելի արժեքը խաղաղությունն է ու վերափոխումը, միաժամանակ Երեւանը պատրաստ է այդ արժեքները պաշտպանել ընդհուպ ռազմական հուժկու հակահարվածով, եթե դրանց նկատմամբ կատարվի որեւէ ոտնձգություն:
 
 
Գործնականում դա այն առանցքի վրա կառուցված մեթոդաբանությունը կամ մոտեցումն է, որի մասին Նիկոլ Փաշինյանը շեշտադրեց Բրյուսել այցի ընթացքում, որտեղ մի քանի անգամ հայտարարեց, որ Հայաստանը ժողովրդավարական վերափոխումների փուլում է, եւ այդ պայմաններում Հայաստանի ու Արցախի ուղղությամբ որեւէ սպառնալիք արդեն սպառնալիք է ընդհանրապես ժողովրդավարական, քաղաքակիրթ արժեքների եւ աշխարհակարգի ուղղությամբ:
 
 
Արցախան խնդրում քաղաքակրթական առավելությունը եղել է հայկական հաղթանակի հիմքը, թե քաղաքական-դիվանագիտական, թե նաեւ ռազմական հաղթանակների, ապահովելով դրանց միջազգային ակնառու լեգիտիմությունը: Հետո սակայն այդ հիմքը կորել է պետականության ձեւավորման ճանապարհին արատների գերակայության հետեւանքով:
 
 
Թավշյա հեղափոխությունը, Արցախի շարժման 30-րդ հոբելյանական, խորհրդանշական տարեդարձին Հայաստանին տվել է քաղաքակրթական առավելությունը գործուն վերականգնելու նոր հնարավորություն: Դա նշանակում է հնարավորություն գործնականում ցույց տալու, որ հայկական զինված ուժերը Ադրբեջանի զինուժի դեմ կանգնած պաշտպանում են ոչ միայն Հայաստանն ու Արցախը, այլ նաեւ քաղաքակրթական արդիական համակարգի անվտանգության սահմանը, ժողովրդավարության ու քաղաքացիական ազատությունների սահմանը: Արժեքներ, որոնց համար իրենց սահմաններից տասնյակ, հարյուրավոր եւ հազարավոր կիլոմետրեր այն կողմ ընդհուպ ռազմական գործողություններ են իրականացնում ժողովրդավարության առաջատար պետությունների բանակները, ռազմական ստորաբաժանումները, ընդ որում նաեւ հայկական ստորաբաժանումների թեկուզ փոքրաթիվ աջակցությամբ:
 
 
Խաղաղությունը ոչ թե պահանջում է հանել հայկական զորքը արցախյան գոտուց, ինչի մասին խոսում է Բաքուն, այլ հակառակը՝ հնարավորինս ամրացնել այնտեղ հայկական ներկայությունը, որովհետեւ դա է խաղաղության եւ ժողովրդավարության հաջողության, միջազգային անվտանգության գրավականը: Հայկական ռազմա-քաղաքական ներկայությունն է, որ ապահովում է թեկուզ հարաբերական կայունություն, թույլ չտալով տարածաշրջանը վերածել ռազմաքաղաքական քաոսի:
 
 
Դա է խնդիրը արցախյան հարցում, եւ այդ իմաստով Հայաստանի խաղաղ նախաձեռնողականության ֆոնին Բաքվից պարզունակ արձագանքը բավական հստակ ցույց տվեց հայկական կողմի առավելությունը եւ բաժանարար գծի ու դրա պահպանության խորքային էությունը: Այն գիծ է քաղաքակրթության, կայուն զարգացման եւ քաոսի միջեւ, ոչ թե լոկ գիծ հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ:
 
 
Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ