Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն ու դրան հաջորդող կալանավորման որոշումը մեծ իրարանցում է առաջացրել հանրության մեջ։ Քաղաքական ուժերը հայտարարություններով են հանդես գալիս՝ սատարելով Քոչարյանին կամ դատապարտելով նրա քայլերը։ Շատերն էլ սպասում են ԲՀԿ-ի արձագանքներին, սակայն կուսակցության ներկայացուցիչները խուսաափում են որևէ մեկնաբանություն տալ կատարվածի վերաբերյալ․ձեռնպահ են մնում։

ԲՀԿ-ի ներսում բուռն քննարկումներ են գնում Ռոբերտ Քոչարյանի թեմայով, մեր աղբյուրները փոխանցում են, որ Աբովյանում մեծ ակտիվություն է տիրում «Ինչ-որ մարդիկ են անընդհատ գնում գալիս վերնախավի մոտ, քննարկման հիմնական նյութն էլ Քոչարյանն է»,-ասում է մեր աղբյուրը։ Մենք մի շարք ԲՀԿ-ական ներկայացուցիչների հետ կապ հաստատել չկարողացանք, իսկ որոշներն էլ պարզապես չցանկացան խոսել Քոչարյանի թեմայով։ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ բուժհաստատությունում է և չի կարող որևէ բան հաղորդել․«Կներեք էլի, ուղղակի ես բուժում եմ ստանում, որևէ բան չեմ կարող ասել այդ մասով»,-ասաց Զոհրաբյանը։

 ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն էլ Քոչարյանի անունը լսելուն պես պատճառաբանեց, թե հանդիպման է և ոչինչ չի կարող ասել,«Հանդիպման եմ էլի ոնցոր, բան չեմ կարող ասել, երեկ մի երկու հարցազրույց տվել ենք, ավել բան չեմ կարող ասել»,-ասաց Մելքումյանը՝ չցանկանալով մեկնաբանել ԲՀԿ-ի ներսում վերջին օրերի ակտիվությունը ևս։