Ըստ նոր ուսումնասիրության՝ ամուսնական զույգերը, ովքեր միասին են հաճախում եկեղեցական հավաքույթների, ապրում են ավելի երկար և ավելի քիչ են հակված դեպրեսիայի ու բաժանումների. գրում է gcshelp.org-ը:
 
«Կրոն և առողջություն. սինթեզ» անվանումը կրող ուսումնասիրության մեջ, որն անցկացնում է հանրային առողջապահության Հարվարդի դպրոցի էպիդեմիոլոգիայի պրոֆեսոր Թայլեր Վանդերվիլը, նշում է, որ կրոնական ծառայությունների այցելումը կապ ունի «առողջության լավագույն ցուցանիշների հետ, այդ թվում՝ ավելի երկար կյանքի, հիվանդանալու ցածր հավանականության, դեպրեսիոն վիճակների և ինքնասպանության ավելի քիչ քանակի հետ»:
 
Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ եկեղեցական ծառայությունների այցելումը նույնպես կապ ունի «ամուսնության մեջ ավելի մեծ կայունության հետ»:
 
Ուսումնասիրության հեղինակի պնդմամբ՝ ամուսնական զույգերը, որոնք եկեղեցական հավաքույթների են հաճախում միասին, 30-50%-ով քիչ են բաժանվում, քան նրանք, ովքեր եկեղեցի չեն հաճախում: Նման զույգերը գրեթե 30%-ով քիչ են ընկնում ընկճախտի մեջ և ըստ 16 տարվա կտրվածքով կատարված ուսումնասիրության՝ ունենում են մահացության ցածր ռիսկ:
 
«Կրոնական հավաքույթների գլխավոր նպատակը, իհարկե, այն չէ, որ մարդուն տա ֆիզիկական առողջություն կամ նվազեցնի բաժանության հավանականությունը, այլ այն, որ զարգացնի մարդու շփումն Աստծո հետ, բայց ջանքերը, որոնք դրվում են Աստծո հետ շփման ուղղությամբ, էական ազդեցություն են թողնում մեր կյանքի այլ ոլորտների վրա, այդ թվում՝ առողջության, ամուսնության, ընտանիքի ստեղծման վրա»,- ասում է պրոֆեսորը:
 
Աղբյուր՝ crossnews.am