Սյունիքի մարզում, հուլիսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։40-ի սահմաններում Գորիս քաղաքի Երեւանյան խճուղում թիվ 2 հասցեում գործող «Զանգեզուր» կոչվող հացատան դիմաց բախվել են Քարահունջ գյուղի բնակիչ՝ 41-ամյա Արման Պ.-ի վարած «ԳԱԶ 27057» մակնիշի 07 PR 088 համարանիշի եւ Վերիշեն գյուղի բնակիչ՝ 56-ամյա Վահիկ Բ.-ի վարած «ՎԱԶ 2107 մակնիշի 34 RP 016 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով Վահիկ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն, իսկ նրա ուղեւոր՝ 29-ամյա Արմեն Մինասյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
 
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացած Արմեն Մինասյանը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։

Նույն զորամասի պայմանագրային զինծառայող է նաեւ «ՎԱԶ 2107»-ի վարորդ Վահիկ Բ.-ն։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գորիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք։