Երեւանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում երեկոյան ժամերին իրականացվում է տնային կենդանիների՝ կատուների եւ շների վաճառք: Վաճառքն ապօրինի է, քանի որ նման գործունեության համար մայրաքաղաքում հատուկ տարածք է տրամադրված, որը ժողովուրդն անվանում է «Թռչնաշուկա» (Քանաքեռ-Զեյթունի վարչատարածք):
 
Որոշ առեւտրականներ էկզոտիկ կենդանիների ծածուկ վաճառքի բավական օրիգինալ եղանակ են գտել՝ անցորդներին առաջարկում են լուսանկարվել կապիկի կամ օձի հետ, եւ այդ ընթացքում առիթը բաց չեն թողնում հայտնելու, որ կենդանիներին կարելի է նաեւ գնել:
 
Մինչդեռ Երեւանի ավագանու որոշմամբ, որը հրապարակված է քաղաքապետարանի պաշտոնական կայքում, կենդանիների վաճառքը թույլատրված է միայն հատուկ խանութներում, շուկաներում կամ այդ նպատակներին հարմարեցված այլ վայրերում: Ըստ որում՝ պետք է ունենան անասնաբուժական հատուկ հավաստագրեր:
 
Հասարակական վայրերում (խանութների, այգիների, գյուղատնտեսական շուկաների մոտ) կենդանիների վաճառքն արգելված է:

Կենտրոն վարչատարածքի տեսուչ Արման Հոփվհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում խոստացավ, որ այս փաստով ստուգումներ կանցկացնեն: Մինչդեռ NEWS.am-ը իրավիճակի մասին քաղաքապետարանի ներկայացուցիչներին իրազեկել էր դեռեւս ուրբաթ՝ հուլիսի 27-ին, սակայն նախօրեին Հյուսիսային պողոտայում կրկին կատուների եւ շան ձագեր էին վաճառում: Որոշ վաճառողներ նույնիսկ վանա կատու էին առաջարկում՝ 150 դոլարով:

«Քաղաքի կենտրոնում կենդանիներ վաճառելու իրավունք չունեն»,- հայտարարեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս վարչական իրավախախտման համար նախատեսվում է 30-50 հազար դրամի տուգանք: