Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչը 2017 թվականի օգոստոսի 12-ին իրենց տան բակում գտնվող սալորի ծառի տակ հայտնաբերել էր իգական սեռի նորածին երեխայի։ Փոքրիկն անմիջապես շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, և ժամանակին ձեռնարկված միջոցառումների արդյունքում բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը։
 
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներովԼ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, միջոցներ ձեռնարկվել՝ նորածնի մոր ինքնությունը, երեխայի՝ ծառի տակ հայտնվելու հանգամանքները պարզելու, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: Արդյունքում՝ պարզվել է նորածնի մոր ինքնությունը, որը նույն մարզի բնակչուհի է, 37 տարեկան։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս 2017թ. օգոստոսի 12-ին տնային պայմաններում ծննդաբերել է իգական սեռի երեխա և ցանկանալով նորածնի գոյության փաստը քողարկել հանրությունից՝ թողել է նրան Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի տներից մեկի հետնամասում գտնվող անմշակ այգում: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 37-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: