2018-ի վարչապետի ֆունկցիաները շատ տարբեր են լինելու․ Շարմազանով
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գործող վարչապետի գործունեությանն ու 2018-ից հետո նրա հետագա պաշտոնավարմանը։
 
«Վարչապետ Կարեն Կարապետյանն իր մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում արդարացրել է ՀՀԿ-ի սպասելիքները: Կարևորագույն փաստաթղթերի մասին խոսում են դրանց ընդունման ժամանակ, այսինքն` ոտքի վրա գնահատական տալ, այն էլ՝ կառավարության գործունեությանը, վարչապետի գործունեությանը, մի քիչ, մեծ ցանկության դեպքում էլ, չի ստացվի»,- ասաց նա:
 
Այդուհանդերձ՝ Շարմազանովը նշեց, որ տնտեսական միտումները, 6%-ից ավելի աճը, արտահանման աճը դրական միտումներ ապահովում են և կառավարությունը` Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, քաղաքական մեծամասնության հետ միասին, մեկ քաղաքաղական թիմ է, որի ղեկավարը հանրապետության նախագահն է. «Լավ աշխատանքի դեպքում կարող ենք իրականացնել այն ծրագրերը, որ միասին ընդունել ենք»:
 
Հարցին` դա նշանակո՞ւմ է, որ 2018-ից հետո էլ Կարապետյանն է լինելու վարչապետ, Շարմազանովն ընդգծեց, թե այսօրվա և 2018-ի վարչապետների ֆունկցիաները շատ տարբեր են լինելու, այսօրվա վարչապետը չունի 2018-ի վարչապետի` արտաքին քաղաքականություն իրականացնելու և ղեկավարելու, գործադիրն ամբողջությամբ, ուժային կառույցները ղեկավարելու, անվտանգության որևէ գործառույթ։
 
«2018-ի խորհրդարանական կառավարման համակարգի վարչապետն ունենալու է այլ լիազորություններ, որտեղ, անկասկած, տեղ են ունենալու ոչ միայն տնտեսությունը, այլ նախ և առաջ անվանգությունը և արտաքին քաղաքականությունը: Թեկնածուի հարցը` օրը կգա, բարին հետը, կքննարկենք»: