Գործունեության այն հատվածը, որը սահմանափակ թվով մարդկանց վերապահվել է իշխանական որոշումներով, պետք է ազատականացվի, և բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն այդ ոլորտներում գործունեություն ծավալեl` Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ այս մասին բարձրաձայնել է վարչապետը։ Նա մասնավորապես նշել է, որ մտադիր են Հայաստանում հաստատել ներառող տնտեսական համակարգ․ «Հայաստանում այսպիսի իրավիճակ ստեղծելու համար բոլոր խոչընդոտները վերացված են, ներառող տնտեսական համակարգ ունենալու պայմաններն էլ՝ ստեղծված։ Կարծում եմ՝ ժամանակ առ ժամանակ մենք պետք է իրավիճակը մոնիթորինգի ենթարկենք՝ հասկանալու, թե հանրության շրջանում որպես մենաշնորհված ոլորտներ հայտնի տիրույթներում ինչ է կատարվում, արդյո՞ք այնտեղ իրավիճակի փոփոխություն չունենք, կամ ի՞նչ միջոցներ են պետք, որպեսզի ապահովենք իրական տնտեսական մրցակցություն, շուկաների հասանելիություն ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո»։
 
 
Շաքարավազի, բենզինի, բանանի շուկաներում տեղի ունեցող զարգացումներին է անդրադարձել ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։ Նրա խոսքով՝ վերջերս Հայաստանում շաքարավազի հիմնական ապահովողը եղել է մեկ ընկերություն, բայց վերջին երկու ամիսների ընթացքում շաքարավազ ներմուծող տնտեսվարող ընկերություններն ու շաքարավազի ներկրման խմբաքանակներն էապես ավելացել են։ Ոլորտում ստեղծված մրցակցության արդյունքում շաքարավազի գինը նվազել է 16 տոկոսով:
 
 
Ինչ վերաբերում է բենզինի և դիզվառելիքի ոլորտին, Շաբոյանի զեկուցմամբ կան 3-4 ընկերություններ, և այս պահին յուրաքանչյուր տնտեսվարող կարող է իրականացնել ներկրում։ Սակայն այս շուկայում մրցակցային անհավասար պայմաններ են առկա թերլցումների պատճառով։
 
 
Ավելացել է նաև բանան ներմուծող ընկերությունների թիվը։ Դրա արդյունքում բանանի գինը նվազել է երկու անգամ՝ դառնալով 480 դրամ։
 
 
     Հեղինակ՝ Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ