«Բուժված հոգիները». 
 
Էդ չարաշահումները էնքան սիստեմատիկ են , որ նույնիսկ ստուգումների ընթացքում չեն դադարում… Մարդիկ էկել են, հանձնել են արյան անալիզ և մի քանի այլ փոքր հետազոտություններ են արել, վերջում պարզվել է, որ էդ մարդիկ պառկել են հիվանդանոց ու 200 հազար դրամի բուժում են ստացել:
 
ՀՀ առողջապահության առայժմ գործող նախարար
 
Հակառակ Գոգոլի «Մեռած հոգիների» գլխավոր հերոս Չիչիկովի, ով " был в арифметике силён", ու շնորհիվ դրա՝ էժա՛ն գնով մեռա՛ծ հոգիներ էր առնում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պետական բժշկական կենտրոնի տերերը, պարզվում է, թա՛նկ գնով ողջ ու առո՛ղջ «հոգիներ» են առել: «Օպտով» առած էդ «հոգիներին» հիվանդ են հռչակել ու դրել մարդա 150-200 հազարի բուժում ձևակերպել: Մարդը գնացել 8 հազար դրամանոց, ներողություն արտահայտությանս համար, «անալիզ» է տվել, փառք Աստծու, պարզվել է՝ «անալիզը» արցունքի պես ջինջ է ու նորմալ: Ուրախ-ուրախ ելել անմիջապես գնացել է տուն ու շարունակել է ողջ-առողջ, իր տանը, ապրել: Սակայն իրեն այդպես էլ անհայտ է մնացել, որ իր վիճակը… այնքա՜ն ծանր է եղել, որ համարյա մահվան շեմին է հասել, հիվանդանոց է պառկել, վիրահատվել, լա՜վ բուժվել և երկարատև ու ծանր հիվանդությունից հետո շատ անժամանակ ապաքինվել ու դուրս է գրվել…
 
Էսպես էս կենտրոնի «վիրտուոզ» տերերը 400 միլիոն դրամի հասնող նման «հեռակա» բուժումներ են արել: Բայց էսքան բանը պարզվել է ընդամենը 2016, 2017 թվականների և 2018 թվականի սոսկ առաջին կեսի՛ գործունեության ստուգման արդյունքում: Ու քանզի 2003-ից ի վեր այս «սրբերի շարքը դասված» կենտրոնում ստուգում չի եղել, ապա պատկերացնո՞ւմ եք ի՜նչ թվեր կստացվեն 10-15՛ տարվա գործունեության ստուգման արդյունքում:
 
Ընդսմին՝ էդ կենտրոնում բոլորը իրենց վիրակապերով «փաթաթած» ունեն, որ այսօր եկել, ստուգում են անում. իրենք իրենց ձևով էլի… «անխափա՜ն» աշխատում են:
 
Պետությունն այս կենտրոնին տարին 5 միլիարդ փող է հատկացնում, տարին 2 միլիարդ էլ կամ իրենք են աշխատում, կամ ուրիշ աղբյուրներն են իրենց հատկացնում: Ահագին փող է, ուստի չի կարելի դնել, հռե կոպալի էս մարդկանց մեղադրել. էդքան փողը մի կերպ պտի՞… յուրացվի: Հո չե՞ն դնելու սաղ փողը վատնեն չգիտես ո՛ւմ չգիտես ի՛նչը ապաքինելու անիմաստ գործում: Օտա՜ր, անծանո՜թ, անոթի՜ հիվանդներ, որոնք իրենց ոչ հոր կողմից են բարեկամ, ոչ մոր, ոչ էլ խնամի են: Հո չե՞ն դնելու, զոռով «ստացիոնար» բուժեն, «ստացիոնար» վիրահատեն, մանավանդ երբ մարդիկ դրա կարիքը չունեն: Այ հեռակա՜ բուժում ու հեռակա՜ վիրահատություն՝ խնդրե՛մ, ինչքա՜ն որ սիրտդ կկամենա: Իրանք էնքա՜ն են վարպետացել, որ «Վայբերով» կարող են նարկոզ տալ, «Վոթսափով»՝ կաթիլային, իսկ «Թվիթերով»՝ անգամ… թութք բուժել…
 
Էնպես որ պարոն Վազգեն Մանուկյանն ու իր աներձագը իզուր են տնօրենի ազատման առթիվ էդքան բորբոքվում. նման հունարներ ունեցող մարդը չի կորչի, իր գործն ու հացը ինքը կճարի, հեչ որ չէ, կգնա, ասենք՝ իրա խնամու՝ Սերժ Սարգսյանի հետ ձեռք ձեռքի կտա ու էս վերջերս իրենց կուսակցությունում գնալով համաճարակի բնույթ կրող թութքը «Թվիթերով» կբուժի: Բա իհարկե, էդ անտեր հիվանդությունը շատ նստելուց է ախր առաջանում…
 
 
Աղբյուրը՝ henq.am
Հեղինակ՝ Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ