«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները վերջերս սառել են, և նրանք տևական ժամանակ է՝ չեն շփվում միմյանց հետ: Սա այն բանից հետո, երբ քաղաքացուն ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով կալանավորվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը:
 
Հիմա, չնայած ԲՀԿ-ական պատգամավորները նշում են, որ Բաբայանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, բայց ԲՀԿ-ն այդ դեպքից հետո էլ շարունակում է կառավարության մաս կազմել:
 
Մասնավոր զրույցներում էլ ԲՀԿ-ականները չեն թաքցնում դժգոհությունները, որ, օրինակ, «Սասնա ծռերի» անդամները, որոնց արարքներին բոլորս ենք ականատես եղել, մեկ պատգամավորի (գերազանցապես հենց ԲՀԿ-ականների) երաշխավորությամբ ազատ են արձակվում, իսկ Բաբայանի դեպքում, ընդհակառակը, 70-ից ավելի պատգամավոր է երաշխավորագրի տակ ստորագրել, բայց խափանման միջոցը չեն փոխում այն դեպքում, երբ նրա արարքի մասին վկայող փաստեր չկան»: