ԻՆՉՊԵ՞Ս ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ ԿԱՐԳԻՆ ՀԱՅԿՈՅԻ ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ.
 
Երեկվանից ֆեյսբուքահայության անդորրը խռովված է: Հայտնի է դարձել, որ ՔՊ-ի ցուցակը Երեւանի ավագանու ընտրություններում ղեկավարելու է դերասան Հայկ Մարությանը: Օգտատերերի մի մասը հիասթափված է, քանի որ սպասում էին, որ իշխող ուժը ավելի պատրաստված, պետական ոլորտում աշխատելու փորձ ունեցող թեկնածու կառաջադրի, իսկ մյուսները նշում են, որ Կարգին Հայկոն աշխատասեր է, մասնագիտությունը կապ չունի, կարեւորը ցանկությունն է, կոռուպցիայի մեջ թաթախված չլինելը:
 
Սակայն բացի մի շարք սուբյեկտիվ գնահատականներից՝ նաեւ իրավական հարցեր կան: Երեկվանից ֆեյսբուքում քննարկվում է, որ Հայկ Մարությանը երկքաղաքացի է, ինչը արգելք է քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու համար:
 
Այսպես՝ Երևան քաղաքում տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի համաձայն՝
 
Քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն:
 
Քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
 
Նախ, երկքաղաքացիության հանգամանքը պետք է հաստատվի, երկրորդ՝ այդ նորմը Հայկ Մարությանի դեպքում կգործի քաղաքապետ ընտրվելու պահին, իսկ առայժմ մենք ավագանի ենք ընտրելու, կախված ուժերի ձայների քանակից՝ պարզ կլինի՝ ով է լինելու քաղաքապետը: Եւ վերջապես, եթե ՔՊ-ն մեծամասնություն կազմի, երկքաղաքացիության հանգամանքն էլ հաստատվի, ապա Հայկ Մարությանը պարզապես կարող է հրաժարվել դրանից:
 
Ի դեպ, նման խնդրի առաջ կանգնել է նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը, նրա լեգիտիմությունը մինչեւ այսօր կասկածի տակ են դնում, քանի որ այդպես էլ նա չհրապարակեց Անգլիայի քաղաքացիությունից հրաժարվելու մասին փաստաթուղթը:Հայկ Մարությանի՝ քաղաքապետ դառնալու հետ կապած մյուս իրավական խնդիրն էլ այն է, թե որքանով նա կկարողանա զբաղվել ֆիլմարտադրությամբ, չէ՞ որ կատակերգություններ նկարելը կարող է ամենեւին էլ չդիտարկվել ստեղծագործական աշխատանք, այդ ֆիլմերը առաջին հերթին շահույթի աղբյուր են: Այդ դեպքում վստահորեն հեռուստատեսությունները կկորցնեն բարձր վարկանիշ ունեցող նախագծեր, օրինակ՝ Ազիզյանները, իսկ հանդիսատեսը՝ սիրելի դերասան: Մնում է այս ամենը արդարացվի լավ քաղաքապետությամբ:
 
Նշենք, որ Հայկ Մարությանը ամուսնացած է ազգությամբ չեխ կնոջ՝ Իվայի հետ, ում հետ ծանոթացել է 2004 թվականին, երբ վերջինս որպես կամավոր աշխատում էր Սպիտակում «Կարմիր խաչի» առաքելության ներքո։ 2015 թվականին Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Հայկ Մարությանը հայտարարել է, որ ինքը եւ կինը երկքաղաքացի են՝ ՀՀ-ի եւ Չեխիայի: Ի դեպ, այս ասուլիսի ժամանակ բազմաթիվ հետաքրքիր հարցեր են հնչել՝ քաղաքականությամբ զբաղվելու, պաշտոն զբաղեցնելու, Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի հետ ունեցած հարաբերությունների, Արմենիա հեռուստաընկերությունում աշխատելու մասին:Երկքաղաքացի լինելու մասին Հայկի հայտարարությունը կարող եք լսել 50:00 վայրկյանից: