Լավրովը՝ Քոչարյանի մասին. պետք չէ որևէ խուճապ.
 
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է Հայաստանում երկրորդ նախագահ Քոչարյանի դեմ իրավապահների գործողություններին՝ ասելով, թե այդ քայլերը հակասում են թավշյա հեղափոխության առաջնորդների ավելի վաղ արած հայտարարություններին, թե չի լինելու քաղաքական մրցակիցների հետապնդում: Երևանում իրադարձությունները հակասում են Հայաստանի նոր իշխանության այն հայտարարություններին, որ չի լինելու նախորդների քաղաքական հետապնդում, հայտարարել է Լավրովը՝ ասելով, որ Մոսկվան շահագրգռված է Հայաստանի պետականության կայունությամբ՝ որպես դաշնակից, և նաև ԱՊՀ այն կառույցների աշխատանքով, որի անդամ է Հայաստանը: Լավրովը ասել է նաև, թե այս մտահոգությունները մի քանի անգամ փոխանցել են Հայաստանի նոր իշխանությանը:
 
Լավրովի հայտարարությունը անկասկած հետաքրքիր է և բազմաշերտ: Նախ՝ արդյո՞ք ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը միջամտություն չէ Հայաստանի ներքին գործերին: Եթե Լավրովը խոսեր միայն ԱՊՀ շրջանակում կառույցների բնականոն գործունեությանը չխոչընդոտելու մասին, ապա դա կլիներ հասկանալի, բայց նա ակնհայտորեն փորձ է անում միջամտել Հայաստանի ներքին գործերին՝ այն դեպքում, երբ Հայաստանում ընթանում է իրավական գործընթաց, և անգամ եթե այն համոզիչ չէ որոշների համար, այդ թվում՝ Լավրովի, համենայնդեպս այդ գործընթացը գտնվում է, այսպես ասած, կես ճանապարհին, և օրինակ՝ երկու օր անց Քոչարյանի կալանավորման դեմ հայցը ներկայացվելու է Վերաքննիչ: Ըստ էության ստացվում է, որ Լավրովը ազդում է քննության, դատարանի վրա:
 
Երկրորդ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը այդ դիրքորոշումները հայտնելիս թերևս պետք է նկատի առնի մի բան, որ դրանով նա հարվածի տակ է դնում Ռուսաստանի Դաշնության հեղինակությունը Հայաստանի հանրության շրջանում՝ ըստ էության այդ հեղինակությունը սպառնալով իջեցնել Ռոբերտ Քոչարյանի և ընդհանրապես նախկին իշխանության վարկանիշի մակարդակին, այսինքն՝ ըստ էության մոտեցնել զրոյի: Մտածե՞լ է արդյոք ՌԴ արտգործնախարարը, թե ինչ հետևանք կարող է ունենալ Հայաստանի հանրության շրջանում Ռուսաստանի հանդեպ վստահությունը զրոյին մոտեցնելը:
 
Երրորդ՝ Լավրովը արդյո՞ք իր հայտարարությամբ չի մատնում Ռուսաստանին, կամ Ռուսաստանն արդյո՞ք Լավրովի հայտարարությամբ չի մատնում իրեն՝ մասնավորապես այն, իհարկե, պաշտոնապես չհաստատված, սակայն բազմաթիվ և տարատեսակ վկայությունների ֆոնին, որոնք հիմք են տալիս առնվազն ենթադրելու տասը տարի առաջ Մարտի 1-ին Երևանում ռուսական զինվորական ներկայության մասին: Ռուսաստանն այդ դեպքում բնականաբար խիստ մտահոգ կլինի քննության անաչառ ընթացքով, որովհետև դա կնշանակի բացահայտում նաև ռուսական մասնակցության մասով:
 
Մյուս կողմից՝ Ռուսաստանի արձագանքը իհարկե առաջացնում է նաև հարց, թե արդյո՞ք Երևանը, Հայաստանի նոր իշխանությունը չի հաշվարկել իրադարձությունների ընթացքն ու Ռուսաստանի հնարավոր վերաբերմունքը կամ դժգոհությունը: Կարո՞ղ էր Երևանը անել այդպիսի չհաշվարկված քայլ և հրահրել ՌԴ դժգոհությունը: Ի դեպ, հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել ու կալանքի որոշում կայացվել այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում էր: Թե՞ Ռուսաստանում կարծիքները այդ հարցում տարբեր են, այսինքն՝ կան իշխանության թևեր, որոնք դեմ են Քոչարյանի հանդեպ գործողություններին, և կան թևեր, որոնք տվել են իրենց հավանությունը: Բայց հնարավո՞ր է այդպիսի բան: Ռուսաստանում, իհարկե, հիմա ամեն ինչ է հնարավոր, սակայն բոլոր դեպքերում պետք է արձանագրել, որ ՌԴ արտաքին գործերի նախարարը պատահական ֆիգուր չէ, թեև մյուս կողմից՝ այն, ինչ տարիներ առաջ արեցին այդ նախարարի հետ Ադրբեջանում, ինչին Լավրովը չհամարձակվեց որևէ կերպ պատասխանել, երբ հասցվել էր հարված ուղղակի անձնական արժանապատվությանը, ըստ էության հիմք է տալիս կասկածելու նաև այդ հանգամանքին:
Սակայն, այնուհանդերձ, դա իհարկե Լավրովի և ադրբեջանցիների խնդիրն է, իսկ Հայաստանի խնդիրն է պարզապես հանգիստ, հիմնավորված ու փաստարկված շարունակել իրավական գործընթացը՝ առանց որևէ քաղաքական հետապնդման և միանգամայն իրավական բարեխիղճ աշխատանքով, և միաժամանակ հանգիստ աշխատել Ռուսաստանի հետ՝ ներկայացնելով փաստարկներն ու ցույց տալով, որ իրականում չկա ոչ մի քաղաքական հետապնդում:
 
Ամենևին պետք չէ այսօրինակ հայտարարություններից խուճապի մատնվել: Դա կարող էր բնական ու բնորոշ լինել ՀՀԿ-ական իշխանությանը՝ մի շարք պատճառներով, իսկ Հայաստանի նոր իշխանության համար դա պետք է լինի միանգամայն սպասելի: Ի վերջո, այդպես պետք է փոխվի հայ-ռուսական հարաբերության որակը, և այդ հարաբերությունը դառնա բաց ու անկեղծ, ոչ թե հենվի սիրալիր կեղծիքի վրա, որի տակ իրականում զարգանում են ականներ, որոնք պայթում են այնպես, ինչպես ապրիլյան քառօրյան պայթեց:
 
Հեղինակ՝ Արամ Ամատունի