Թեև «Ծառուկյան» խմբակցությունը դեռևս հայտարարությամբ հանդես չի եկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու առնչությամբ, սակայն «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը քաղաքական հետապնդման տարրեր տեսնում է։ News.am-ի հետ զրույցում պատգամավորը դա մեկնաբանել է նախկին նախագահին անազատության մեջ պահելու որոշմամբ, մինչդեռ, ըստ նրա, գործը կարելի էր քննել առանց կալանքի որոշման։
 
Զուտ տեսականորեն Բոստանջյանը, իհարկե, ճիշտ է․ համաշխարհային պրակտիկայում պետության նախկին առաջին դեմքերին նախաքննության փուլում կալանավորում են հազվադեպ, եթե չի լինում հույժ անհրաժեշտություն։
 
Սակայն Քոչարյանի պարագայում կալանավորման անհրաժեշտությունը մոտիվացված է մի քանի էական գործոններով։
 
Մարտի 1-ի գործով այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունեն երեք անձ, ընդ որում՝ առաջինը մեղադրյալի կարգավիճակ ստացած պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի թաքնվելու նախադեպն հաշվի առնելով՝ մեծ շռայլություն էր անգամ Յուրի Խաչատուրովին գրավի դիմաց ազատության մեջ թողնելը, մանավանդ որ այս գործով անցնողները մեղադրվում են պետական ծանր հանցագործություն կատարելու համար։
 
ԲՀԿ-ական պատգամավորը, «հումանիստական» վերաբերմունք ցուցաբերելով Քոչարյանի հանդեպ, թերևս «մոռանում» է, որ նրան մեղսագրվում է այնպիսի արարքների կատարում, որոնք հանգեցրել են տասը քաղաքացու մահվան, եթե չասենք՝ Քոչարյանն ուղղակի հրաման է տվել գնդակահարել մարդկանց, ովքեր հանդգնել են խաղաղ ցույցի դուրս գալ իր դեսպոտ իշխանության դեմ։
 
Սակայն կա ավելի կարևոր հանգամանք, որի մասին հետևողականորեն «մոռանում» են Քոչարյանի պաշտպանները։ Դա այն է, որ երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին տեղի են ունեցել երկու տասնյակից ավելի աղմկոտ սպանություններ, որոնք, որպես կանոն, չեն բացահայտվել։
 
Մնում է ենթադրել, որ այդ սպանությունների չբացահայտման պատճառը եղել է այն, որ դրանց պատվիրատուն եղել է հենց Ռոբերտ Քոչարյանը։ Կոնկրետ Հոկտեմբերի 27-ի պարագայում հասարակությունը տեղյակ է, թե ինչպես են խորհրդավոր պայմաններում մահացել մարդիկ, ովքեր այս գործով եղել են նախկին մեղադրյալ կամ վկա և կարող էին իրենց վկայություններով օգտակար լինել ոճրագործության լիարժեք բացահայտմանը։ Կասկածից վեր է, որ Հոկտեմբերի 27-ի հետ առնչվող մարդկանց խորհրդավոր մահերը նույնպես «համակարգվել» են Ռոբերտ Քոչրայանի կողմից։
 
Չկա որևէ երաշխիք, որ լինելով ազատության մեջ՝ Քոչարյանը չի փորձի ազդել Մարտի 1-ի գործով քննության, տարբեր վկաների, գործընթացի մյուս սուբյեկտների վրա։ Ի վերջո, չմոռանանք, որ Քոչարյանը տիրապետում է ֆինանսական մեծ ռեսուրսների, կոմպրոմատների, որոնք կարող են էական, վճռոորոշ նաշանակություն ունենալ, եթե նա գտնվի ազատոթյան մեջ։
 
Իհարկե, Բոստանջյանի անհանգստության հիմքերը հասկանալի են․ ի վերջո, փաստահավաք խմբի զեկույցների հիման վրա հաստատված է, որ նրա կուսակցական ղեկավար Գագիկ Ծառուկյանի թիկնազորի անդամները նույնպես մասնակցել են Մարտի 1-ի գործողություներին։ ՀՔԾ-ն այս փաստերին, անշուշտ, տիրապետում է, և, անկասկած, վաղ թե ուշ այս գերատեսչությունից ծանուցագիր է ստանալու նաև ԲՀԿ առաջնորդը։
 
ԲՀԿ-ն Մարտի 1-ի համար կրում է նաև քաղաքական պատասխանատվություն, որովհետև այն չորս կուսակցություններից մեկն է, որոնց կոալիցիոն համաձայնությամբ փորձ է արվել քաղաքական լեգիտիմություն հաղորդել Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի արյունոտ խրախճանքին։
 
Այս պարագայում Վարդան Բոստանջյանի մեջ, ըստ ամենայնի, խոսել է, այսպես կոչված, ինքնապաշտպանության բնազդը․այլ խնդիր է՝ դա նրա մեջ ինքնաբո՞ւխ է առաջացել, թե՞ կուսակցության առաջնորդի կամ այլ կենտրոնի հուշարարությամբ։
 
Իհարկե, շատ հնարավոր է, որ Քոչարյանի կալանավորումը դարձել է այն «ցեցը», որը ներսից սկսել է քայքայել ԲՀԿ-ն․ այս կուսակցության փաստացի հիմնադիրը եղել է Ռոբերտ Քոչարյանը, որը, իր բնավորության համաձայն, թերևս «ականապատել» է ԲՀԿ-ն՝ ֆորսմաժորային նման իրավիճակների համար։
 
Քոչարյանի կալանավորումն անկասկած նշանային իրադարձություն է, որը սահմաններ է գծելու ոչ միայն քաղաքական համակարգում, այլ նաև, առանձին վերցրած, կուսակցությունների ներսում։ Այս իմաստով՝ ՀՀԿ-ում և ԲՀԿ-ում եկել է «ականների» պայթելու ժամանակը։
 
Մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Ըստ տեղեկությունների՝ նրան ստիպել են մանդատից հրաժարվել երեկ տված հարցազրույցից հետո: Armlur.am-ի հետ զրույցում Բոստանջյանը չի հերքել, որ հրաժարական է ներկայացնում:
 
Սակայն ամենավտանգավորն այն է, որ ակնհայտորեն սկսվել է Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությանն ուղղված թաքնված արշավ, ու Բոստանջյանի հարցազրույցն այդ շարքից է։ Այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ներկայացնելու են վերաքննիչ բողոք։ Մեր հասրակությունն իրավունք չունի որևէ կերպ ապավինել դատական համակարգի օրինապաշտությանը և իր ակտիվությամբ թույլ չպետք է տա Քոչարյանի խափանման միջոցի փոփոխություն։ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը էական առաջընթաց է Մարտի 1-ի բացահայտման գործընթացում, հեղափոխության կարևոր հաղթնակներից մեկն է, որից նահանջելու իրավունք չունենք։
 
 
 
Հեղինակ՝ Սարգիս Արծրունի