«Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստանի»-ի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյա՞նն է
 
«Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան»  կուսակցությունները  առաջիկա երկու օրվա ընթացքում կհայտարարեն՝ ինչ ձեւաչափով են մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին եւ ով է գլխավորելու ավագանու ցուցակը։ NEWS.am–ի տեղեկություններով՝ քննարկումները հիմնականում երկու կուսակցությունների՝ դաշինքով մասնակցելու շուրջ են ընթանում։
 
Այդ նույն աղբյուրների փոխանցմամբ՝ եթե դաշինքով մասնակցեն, ապա   քաղաքապետի թեկնածուն լինելու է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։  Ամեն դեպքում, թե´ «Լուսավոր Հայաստան»–ից, թե´ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից  պնդում են, որ քննարկումները ընթանում են նաեւ ՔՊ–ի հետ եւ  դեռ վերջնական չէ, որ «Ելք» դաշինքով չեն մասնակցելու։
 
Մինչդեռ, մեզ հասած տեղեկություններով,  «Ելք» դաշինքով մասնակցելու թեման փակվել է Հայկ Մարությանի թեկնածությունն առաջադրելու որոշմամբ։  Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը NEWS.am–ի հետ զրույցում անդրադառնալով  երկու կուսակցությունների միասնաբար մասնակցելուն եւ Արտակ Զեյնալյանի թեկնածությանը, ասաց . «Քանի դեռ չկա որոշում «Ելք» դաշինքի ձեւաչափի  փոփոխության մասին մասնակցության առումով, դեռեւս ոչինչ չեմ կարող ասել, այս պահին քննարկումները եռակողմ են։
Եթե որեւէ պատճառով դրանք դադարեն լինել եռակողմ եւ ձեւաչափը փոխվի լրացուցիչ քննարկումներ կիրականացվեն»։  Դավիթ Խաժակյանը տեղեկացրեց, որ վերջնական որոշման մասին հայտնի կլինի շաբաթվա ընթացքում։  
Հարցին՝, եթե դեռ շարունակվում են եռակողմ քննարկումները, «Լուսավոր Հայաստան»–ը պատա՞րստ է սատարել  Հայկ Մարությանի թեկնածությունը, պատասխանեց. «Պարոն Մարությանին անձամբ չեմ ճանաչում, ծանոթ չեմ իր գործունեությանը, բացի  դերասանական իր տաղանդից՝ ավելին չգիտեմ իր մասին»։  Նշենք, որ օրեր առաջ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը առաջադրեց    «Կարգին  հաղորդում» մանրապատումների դերասան Հայկ Մարությանի թեկնածությունը։