«Սասնա ծռերի» գործով անցնող Կարո Եղնուկյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ միջնորդելով, որ իր բնակարաններում տեղադրված գաղտնալսման սարքերը հանեն: Միջնորդագրում, մասնավորապես, ասվում է. «Թիվ ԵԷԴ/0039/01/17 դատական գործով ամբաստանյալ Կարո Հակոբի Եղնուկյանից, հասցե՝ ք.Երեւան, Զաքյան փողոց 8 շենք 37 բն. պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյան, հասցե՝ ք.Երեւան, Գր. Լուսավորչի 15/1, հեռախոս՝  093-23-64-64 Մ Ի Ջ Ն Ո Ր Դ ՈՒ Թ Յ ՈՒ Ն պետական մարմիններում առկա ինձ հետ կապված տեղեկությունները ինձ ծանոթացնելու, իմ բնակարաններում տեղադրված գաղտնալսման սարքերը հեռացնելու,  իմ եւ ընտանիքիս անդամների հեռախոսները գաղտնալսելը դադարեցնելու եւ հետագայում դրանց  չկրկրնվելու վերաբերյալ պաշտոնապես ինձ հավաստիացնելու մասին Կապված իմ քաղաքական գործունեության հետ իմ նկատմամբ 2012 թվականից սկսած իշխանությունների կողմից կազմակերպվել են մի շարք անօրինական գործընթացներ ինչի արդյունքում ապօրինաբար գաղտնալսվել են իմ եւ ընտանիքիս անդամների հեռախոսները:
 
 Վերը նշված գործի նյութերից երեւում է, որ իմ նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են անցկացվել դեռեւս 2014թ. հունիսի 2-ից: Ըստ նույն գործի նյութերի իմ հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվել են մինչեւ 02.03.2015թ.: Իմ ունեցած տեղեկություններով հատուկ գաղտնալսող սարքեր են տեղադրվել նաեւ իմ 3 բնակարաններում՝ (Զաքյան փողոցի 8 շենքի 37 եւ 51 բնակարաններ եւ Պարոնյան փողոցի 28 շենքի 76 բնակարան) եւ տեւական ժամանակ գաղտնալսվել իմ եւ հարազատներիս խոսակցությունները: Չնայած գործի փաստերով որեւէ հիմք չի եղել քրեական գործ հարուցելու եւ առավելեւս իմ հեռախոսները գաղտնալսելու համար, սակայն միեւնույն է դա կատարվել է: Ավելին, այդ բոլոր գաղտնալսումները չեն ոչնչացվել եւ 3 տարի անց դրանք դրվել են ինձ առաջադրված մեղադրանքի հիմքում: Փաստորեն իմ կամքից անկախ իմ մասին տեղեկություններ են հավաքվել պետական մարմիններում, դրանք մշակվել են եւ անօրինական պահվել՝ հետագայում իմ դեմ օգտագործելու համար:
 
2016թ. հուլիսի 18-ին, երբ քննիչը դիմել էր դատարան՝ իմ հեռախոսները գաղտնալսելու թույլտվություն ստանալու համար, քննիչը, իսկ հետագայում նաեւ դատարանը որպես հիմնավորում նշել էին, որ իբրեւ թե առկա են օպերատիվ տվյալներ այն մասին, որ ես փորձել եմ «Սասնա-Ծռերին» ապահովել ռադիոկապով, որպեսզի նրանք կարողանան ապահով կերպով պահել պատանդներին եւ զավթած շինությունները: Ես եւ պաշտպանս բազմիցս պահանջել ենք ծանոթանալ այդ օպերատիվ տվյալներին, սակայն ապարդյուն: Այս հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ այդ օպերատիվ տվյալները եղել է հեռախոսային խոսակցությունների կամ էլ իմ բնակարաններում տեղադրված սարքերով ապօրինի գաղտնալսում: Այն, որ այդ օպերատիվ տվյալները մեզ չեն տրամադրում 2 բան կարող է նշանակել, կամ դրանք չկան, կամ էլ այդ գաղտնալսումները իրականացվել են անօրինական ճանապարհներով: Այդ կապակցությամբ հետագայում նմանատիպ գործունեությունը բացառելու համար խնդրում եմ ինձ ծանոթացնել իմ վերաբերյալ պետական մարմիններում այս պահին առկա բոլոր տեղեկությունների հետ, այդ թվում նաեւ իմ եւ ընտանիքիս անդամների մասնակցությամբ կատարված ձայնալսումների հետ:

Միջնորդում եմ իմ ներկայությամբ վերը նշված բոլոր տեղեկությունները ոչնչացնել, իմ բնակարաններում տեղադրված գաղտնալսման սարքերը հեռացնել, դադարեցնել իմ եւ ընտանիքիս անդամների հեռախոսահամարների գաղտնալսումը եւ պաշտոնապես գրավոր հավաստիացնել ինձ, որ ես եւ ընտանիքիս անդամները այլեւս չենք գաղտնալսվելու»: