Մոսկվան չի ցանկանում, որ Քոչարյանը «փակվի»․ վերջինս կարող է «անկեղծանալ» Հոկտեմբերի 27-ի գործով
 
«Իսկապես կա երկրի ներքին գործերին միջամտություն, սակայն Հայաստանն այնպիսի իրավիճակում է, որ նման տիպի ցանկացած զարգացում իշխանությունները պետք է տեսնեն միջազգային կամ գոնե ռեգիոնալ համատեքստում: Իսկ Ռուսաստանն ուզում է ցույց տալ, որ Ռուսաստանի բարեկամ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելն այն դեպքն է, որ պետք է Ռուսաստանի հետ խորհրդակցել՝ մանավանդ, որ դրան հաջորդեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի  դեպքը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկ հնչեցրած հայտարարությանը:
 
Քաղաքագետը սպասելի էր համարում Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումների ուժեղացումը:
«Ռուսաստանը  չի ցանկանում, որ Ռոբերտ Քոչարյանը փակվի՝ ձերբակալվի, որովհետև Մարտի 1-ից բացի, որտեղ  ռուսական ազդեցությունն այդքան  ակնհայտ չէր, կա Հոկտեմբերի 27, և անազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանը կարող է  շատ ավելի անկեղծանալ դրանում ռուսական գործոնի վերաբերյալ»,- նկատեց  Աղասի Ենոքյանը:
 
Դիտարկմանը՝ արդյո՞ք Մոսկվան հաշվի չի առել, որ Լավրովի այդ հայտարարությամբ իրենք հայ հասարակության շրջանում կարող են խաթարել իրենց հեղինակությունը, քաղաքագետը պատասխանեց՝ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարելով իր պրոռուսական կուրսի մասին՝ կարծես այդ խնդիրներն իր վրա է վերցրել. «Եվ Ռուսաստանը իր հեղինակությունը պաշտպանելու հարցը թողնում է Նիկոլին»:
 
Աղբյուրը՝ 1in.am