Մասիսի քաղաքապետի եղբայր Գոռ Համբարձումյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչվել է թույլատրելի: Պաշտպանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն:
 
 
Այս մասին տեղեկացրել է Համբարձումյանի փաստաբան Զորայր Հարությունյանը։
 
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին կալանավորվել էին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և նրա եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը։
 
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա նոր մեղադրանք էր առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին։
 
Մասնավորապես՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով,  Գոռ Համբարձումյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
 
Քննիչը միջնորդություններ էր ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Դատարանը բավարարել էր նրանց կալանավորելու միջնորդությունը։
 
Մասիսի քաղաքապետը և եղբայրը մեղադրվում են թավշյա հեղափոխության օրերին խմբով խաղաղ ցուցարարների վրա հարձակում և բռնություն իրականացնելու համար։