<<ՎԻՈԼՅԱՆ >> ՄՏԱԴԻՐ Է ԹԱՆԿԱՑՆԵԼ ՋՐԻ ԳԻՆԸ 14 ԴՐԱՄՈՎ,ՍԱԿԱԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՍԵԼ Է ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԱՌԱՎԱՐՈՂ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԸ: ՆԱԽՕՐԵՅԻՆ  ՆԱ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՐԵԼ Է ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ,  ՍԱԿԱՅՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆ ԱՌԱՐԿՈՒՄ Է:
 
 

 
 
 
Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանն այսօր հանդիպում է ունեցել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ներկայացուցիչների հետ, քննարկել ջրամատակարարման ու ջրահեռացման հարցեր։ 
 
«Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն կոմիտեի նախագահին ասել է, որ գոհ են իրենց առաջին տարվա գործունեությունից, չնայած որ անելիքները շատ են։ Խոսելով առաջիկա ծրագրերից, Կրիստիան Լըֆեն տեղեկացրել է նաև, որ առաջիկայում մտադիր են դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ջրի սակագինը 14 դրամով բարձրացնելու հարցով, ինչին կտրուկ առարկել է Ջրային կոմիտեի նախագահը։ Կոմիտեի ղեկավարը հյուրերին տեղեկացրել է, որ յուրաքանչյուր օրվա իր փոստի ծանրակշիռ մասն են կազմում մեր քաղաքացիների դժգոհությունները Վեոլիա Ջուր ընկերությունից և արդար չէ առանց որակական փոփոխությունների, առանց բարելավման խոսել ջրի թանկացման մասին։
 
Ինեսսա Գաբայանը փաստել է, որ գնահատում են առայսօր կատարված աշխատանքը, բայց և չի կարող չխոսել համակարգում տասնամյակներ շարունակ արձանագրվող ահռելի կորուստների մասին։ Կոմիտեի ղեկավարն ասել է, որ հենց դրանք են բերում սակագնի բարձրացման, այն դեպքում, երբ իրական կորուստներ չեն․ «Իմ պաշտոնավարման հենց առաջին շաբաթվա ընթացքում մեր մասնագետների ուժերով մի փոքր ուսումնասիրություն ենք կատարել և խոշոր ջրօգտագործողների մոտ հայտնաբերել ջրագողության, ապօրինի ջրօգտագործման, օգտագործվող ջրի չհաշվառման բազմաթիվ դեպքեր։ Եվ սա շարունակական բնույթ է կրել ու կրկնում եմ, հենց այս ամենի պատճառով է ջրի անհավանական կորուստ արձանագրվում՝ 80 տոկոս և ավելի չափով։ Այնինչ այդ երևույթները որևէ կերպ չպետք է ներառվեն կորուստների մեջ և հակառակ՝ վերացվեն օր առաջ։ Սա անընդունելի է, առավել ևս անընդունելի է այսօր խոսել ջրի նոր թանկացման մասին»,- ասել է տիկին Գաբայանը։
 
Կոմիտեի նախագահը հյուրերին տեղեկացրել է նաև, որ մտադիր են առաջիկայում լրջորեն ուսումնասիրել «Վեոլիա Ջուր» ընկերության հետ կնքված պայմանագիրն ու այնտեղ առկա խոցելի կետերը քննարկել, հետևություններ անել։