ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Արմինֆո»-ի հետ զրույցում մեկնաբանել է Մոսկվայից հնչող հայտարարությունները: Գործակալության հարցին՝ Հայաստանում բուռն արձագանքի արժանացան Մոսկվայից հնչող գնահատականները վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, ինչպե՞ս մեր հասարակությանը կբացատրեք այդ արձագանքները, Բալայանը պատասխանել է․
 
«Մենք հետևում ենք միջազգային արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ հանդիսացող իրավական պետության և արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով։ Այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան։ Այս առնչությամբ վերահաստատում ենք, որ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնք հստակորեն ամրագրված են խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրում, ուղղված են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը։ Մենք անշեղորեն հետևում ենք հռչակված ուղեգծին»։
 
Նախ՝ ուշագրավ է այն համգամանքը, որ Սերգեյ Լավրովին արձագանքել է ոչ թե նրա հայաստանյան գործընկերը, այլ վերջինիս խոսնակը։ Պաշտոնական Երևանն այս ժեստով Մոսկվային, ըստ ամենայնի, հասկացրել է, որ անընդունելի է համարում երկկողմ խնդիրները հրապարակայնացնելու քաղաքականությունը։
Շատերը կարող են համարել, որ Հայաստանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը համարժեք չէ, որովհետև դրանում, օրինակ, չի դատապարտվում Հայաստանի ներքին քաղաքականությանը միջամտելու Մոսկվայի անթաքույց փորձը։ Սակայն Երևանում գերադասել են չհայտնվել Մոսկվայի պատրաստած ծուղակում՝ հրաժարվելով որևէ բովանդակային պատասխան տալ Լավրովի վիճահարույց ու մտացածին պնդումներին։ Ավելին՝ Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության խոսնակը հստակ տարանջատել է ներքին և արտաքին քաղաքական օրակարգերը՝ Մոսկվային հասկացնելով հարգել մեր երկրի ինքնիշխանությունը։ Այլ խոսքով՝ Բալայանը հասկացրել է, որ Հայաստանը մտադիր չէ որևէ միջազգային գործընկերոջ հետ քննարկել երկրի ներքին օրակարգը։
 
Հայաստանի ԱԳՆ պատասխանը մարտավարական առումով ճկուն է, որը փակում է ներքին քաղաքականության հարցերում Մոսկվայի հետ սակարկությունների մեջ մտնելու հնարավորությունը, պատուհանը, ինչի նպատակն ակնհայտորեն ուներ Լավրովի հայտարարությունը։
 
Խիստ ուշագրավ է, որ Հայաստանի ԱԳՆ պատասխանում հնարավորինս նվազագույնի է հասցվում Լավրովի հայտարարության քաղաքական նշանակությունը՝ այն դիտարկելով միջազգային այլ գործընկերների արձագանքների համատեքստում։ Հայաստանի կառավարությունը Մոսկվային հստակ հասկացնում է, որ նրան ռազմավարական գործընկեր է համարում արտաքին քաղաքականության, անվտանգային հարցերում, սակայն ներքին քաղաքականության հարցերին միջամտելուց Ռուսաստանը նույնքան օտարված պետք է լինի, որքան Հայաստանի մյուս գործընկերները, որոնց դիրքորոշումներին Երևանում նույնպես ուշադրությամբ հետևում են։
 
Կարծում ենք՝ Հայաստանի ԱԳՆ պատասխանը սպառիչ է, ինչը ենթադրում է, որ Երևանը չի տրվելու Մոսկվայի շանտաժին, մյուս կողմից՝ հակված չէ Լավրովի մի հայտարարությունն առիթ դարձնել հայ-ռուսական հարաբերություններում վերանայումներ անելու համար։
 
 
Հեղինակ՝ Սարգիս Արծրունի