Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Զոյա Թադեւոսյանը փոթորկել է հանրությանը ազատագրված տարածքների վերաբերյալ իր հայտարարությամբ, թե դրանք գրավյալ տարածք են ու Ադրբեջանինն են: Թադեւոսյանը հղում է արել այսպես ասած բանակցային բովանդակությանը, Մինսկի խմբի համանախագահներին եւ այլն:
 
Թադեւոսյանն առաջինը չէ այդ հարցում: Նա ըստ էության կրկնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները: Քննադատությունն էլ ուղղվում է հենց այդ թիրախավորումով, որ ՀԱԿ ներկայացուցչից այլ բան պետք չէր սպասել, քան առաջնորդի մոտեցումների կրկնություն, որոնց մասին Տեր-Պետրոսյանը բարձրաձայն քարոզում էր նաեւ ապրիլի խորհրդարանի ընտրությանը: Տեր-Պետրոսյանը ՀԱԿ համար չկարողացավ ապահովել անցողիկ շեմ:
 
Հանրության վրդովմունքի հասկանալիությամբ հանդերձ, անհասկանալի է այլ բան: Խնդիրն այն է, որ Արցախի հարցում դիրքորոշումների մասով հանրային դատողությունն ու գնահատականների ելակետերը փոքր ինչ խեղաթյուրված են: Օրինակ, հանրությունը կարող է Տեր-Պետրոսյանին գնահատել իբրեւ Արցախը հանձնող, իսկ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին՝ ոչ:
Մինչդեռ նրանց մոտեցումը, գոնե հրապարակայինը, որ ընդունել են իբրեւ Հայաստանի նախագահ եւ դրա շուրջ բանակցել Հայաստանի ու Արցախի անունից, սկզբունքորեն որեւէ կերպ չի տարբերվել Տեր-Պետրոսյանի մոտեցումից, առնվազն տարածքների մասով: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ դրանք համարել են Ադրբեջանինը:
 
Չե՞ն խոսել այս մասին: Իսկ ինչի՞ մասին էր խոսում Սերժ Սարգսյանը դեռեւս պաշտպանության նախարարի կարգավիճակում, երբ ասում էր, թե Աղդամը մեր հայրենիքը չէ: Նա ուզում էր նախագահ դառնալ եւ ուներ մտավախություն, որ հակառակն ասելու դեպքում գերտերությունները դա թույլ չեն տա: Իսկ ինչի՞ շուրջ է Ռոբերտ Քոչարյանը բանակցել, կամ 2007 թվականին ընդունել Մադրիդյան սկզբունքները:
 
Հայաստանի բոլոր երեք նախագահները վարել են քաղաքականություն, որով համաձայնել են տարածքների ազատագրված չլինելուն: Որովհետեւ, եթե համաձայն չեն, ապա ինչպե՞ս են բանակցում դրանք ինչ որ բանի դիմաց վերադարձնելու մասին:
 
Տակտիկական նկատառումո՞վ են արել: Իսկ ո՞րն է եղել հույսը, որ Մոսկվա՞ն թույլ չի տա հանձնել, թե՞ Վաշինգտոնը: Այսինքն, հույսը եղել է արտաքին քաղաքական կոնյուկտուրան:
 
Մինչդեռ, այդ ընթացքում, Ադրբեջանը հետեւողական աշխատել է հայկական կողմի թույլ տված սկզբունքային սխալի վրա, որի վրա կառուցել է տարածքների հանդեպ իր իրավունքը, որ նրան տվել է հայկական կողմը բանակցության հենց մեկնարկից եւ չի վերանայել հաջորդ երկու նախագահների դեպքում, իսկ տարածքների հանդեպ իրավունքի վրա կառուցել է պատերազմի իր իրավունքը:
 
Ռազմավարական դիվանագիտական գրեթե քառորդ դարի սխալը Հայաստանի հասարակությունն ու հայկական բանակը կարողացան ծանր գնով ուղղել ապրիլյան քառօրյայի ընթացքում:
 
Բայց, տարօրինակ է, որ անգամ դրանից հետո կարող էր լինել քաղաքական ուժ, որն այդ քաղաքականությամբ կզինվեր նախընտրական արշավում: Թեեւ, հասկանալի էր իհարկե, որ Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին առաջարկում էր այդ կերպ ապահովել նրա «հերոսական» ֆոնը, դրա դիմաց ստանալով ՀԱԿ-ի համար տեղ խորհրդարանում: Սարգսյանը Տեր-Պետրոսյանին տվեց փորձելու հնարավորություն, ընդհուպ Հանրային հեռուստաընկերությամբ, բայց հանրությունը սթափ էր:
 
Այդուհանդերձ, այդ ամենը չի վերացնում այն, որ Հայաստանի ոչ միայն առաջին, այլ բոլոր երեք նախագահներն են եղել այդ դիրքորոշման ճանապարհով Հայաստանը ծուղակ տանողը, որը միայն հանրության կամավորական ջանքի եւ բանակի խիզախության շնորհիվ չավարտվեց անդառնալի պարտությամբ:
 
Ապրիլյան քառօրյան այդ իմաստով միայն Հայաստանի անարդյունավետ կառավարման ու կոռուպցիայի բացահայտումը չէր, այլ նաեւ Հայաստանի երեք նախագահների իշխանության ընթացքում հաստատված ռազմա-քաղաքական-դիվանագիտական մտքի անհամարժեքությունը, խոշոր հաշվով ինչի հետեւանք էլ կարող էր լինել տարիների ընթացքում բյուրեղացած եւ կատարելագործված կոռուպցիան:
 
 
Այժմ ծուղակից դուրս գալու ժամանակն է: Հայաստանի հանրությունը թավշյա հեղափոխության միջոցով դուրս է գալիս համատարած գողապետության ծուղակից, բայց հայկական պետականության համար դա մեղմ ասած խնդրի միայն մի կողմն է: Հայկական պետականության առանցքը արցախյան գործոնն է, եւ անհրաժեշտ է ծուղակից դուրս բերել գործընթացը նաեւ այդ մասով:
 
Դա է խաղաղության եւ կայունության թեկուզ հարաբերական երաշխիքը, Ադրբեջանին ռազմական արկածախնդրության իրավունքի որեւէ հույսից զրկելու գրավականը: Միջազգային քաղաքականությունն ու անվտանգությունը կառուցված են որեւէ սուբյեկտի պաշտպանունակության վրա, միաժամանակ պայմանով, որ նա հստակ ձեւակերպում է, թե ինչն է պաշտպանում:
 
Այդ տեսանկյունից Հայաստանի նոր իշխանությունը ձեւակերպում է, որ պաշտպանում է ժողովրդավարությունն ու արդիականության հեռանկարը Կովկասում: Մնում է ձեւակերպել այդ հեռանկարում արցախյան գործոնի հիմնարար նշանակությունը հայկական պետականության համար, Հայաստանի հանրության գիտակցության մեջ, որպես հայկական ժողովրդավարության ու արդիականության կարեւորագույն պատվար եւ կռվան, ոչ թե բեռ կամ խոչընդոտ, ինչն ուղղակի, թե տարբեր քարոզչական խորամանկություններով ներշնչել են Հայաստանի հանրությանը քառորդ դար:
 
 
 
Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Աղբյուրը՝ nt.am