«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորված է: Տեղի ունեցածը Հայաստանի համար եզակի դեպք է, երբ երկրի պաշտոնաթող ղեկավարը հայտնվում է մեղադրյալի աթոռին:
 
Ու տրամաբանական է, որ այս իրադարձությանը որևէ կերպ պետք է անմիջապես արձագանքեր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը. ի վերջո, Սահմանադրությամբ համարվում է, որ նախագահը պետության գլուխն է, Սահմանադրության պահպանման երաշխավորը:
Այնպես որ, կարող էր որևէ կերպ կարծիք հայտնել: Այնինչ` Քոչարյանի կալանավորումից անցել է մոտ մեկ շաբաթ, բայց Արմեն Սարգսյանը լուռ է: «Ժողովուրդ» թերթը նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեց թեմայի վերաբերյալ պարզել Սարգսյանի վերաբերմունքը կատարվածին:
«Տեղի ունեցող իրադարձությունները պետք է դիտարկել բացառապես իրավական դաշտում: Դրանցով զբաղվում են համապատասխան մարմինները, որոնք ունեն սահմանադրական ինքնուրույնություն, օրենքով սահմանված լիազորություններ և գործառույթներ: «Սահմանադրությունը հստակ սահմանում է իշխանության ճյուղերի, այդ թվում` հանրապետության նախագահի գործառույթներն ու լիազորությունները, որոնց շրջանակը չի նախատեսում խնդրո առարկա հարցի վերաբերյալ որևէ գնահատական տալը»,-նախագահի պատասխանն են փոխանցել նրա աշխատակազմից:
 
Հարցին` որպես Սահմանադրության պահպանման երաշխավոր, Արմեն Սարգսյանն ինչ է կարծում` 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգի տապալում կամ խախտում տեղի է ունեցել, նշել են. «Սահմանադրության պահպանման գործառույթը եւս չի նախատեսում գնահատական տալ` 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգի խախտում տեղի ունեցել է, թե ոչ»:
Համաձայնեք, այնուամենայնիվ, Արմեն Սարգսյանին չէր խանգարի որպես ՀՀ քաղաքացի կարծիք հայտնել այդ գործընթացների մասին` խոսքերը ձեւակերպելով այնպես, որ չդիտվի ուղղորդում: Չնայած, եթե հաշվի առնենք նախագահի արարողակարգային լիազորությունները, Սարգսյանը չի էլ կարող ուղղորդել իրավապահներին: Հ.Գ. Արդյո՞ք Արմեն Սարգսյանի կաշկանդվածությունը պայմանավորված է ՀՀ-ում մշտական բնակության մասին տեղեկանքով, որը տեսել է միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը»:

Մանրամասն թերթի այսօրվա հաարում