«Մարտի 1»-ի թիվ մեկ պատասխանատուն և շահառուն.
 
«Մարտի 1»–ի թեման հիմնականում դիտարկվում է քաղաքական հարթության մեջ և դա բնական է։
 
«Մարտի 1»–ին նախևառաջ պետք է տրվի քաղաքական գնահատական, բայց դա չի նշանակում, որ իրավական գնահատականը պետք է ենթարկեցնել քաղաքականին և որոշումներ ընդունել ըստ քաղաքական նպատակահարմարության։ Իրավական առումով պետք է պարզել՝ 10 զոհերի ու բազմաթիվ վիրավորների մասով ով է պատասխանատուն, ով է կրակելու հրաման տվողը, ով՝ հրամանն իրականացնողը։ Ի վերջո, գլխավոր հարցը սպանությունների՛ բացահայտումն է։
 
Քաղաքական առումով հարցը վերաբերում է 2008–ի նախագահական ընտրությունների արդյունքներին և, ընդհանրապես, մեզանում գործող ընտրական արատավոր համակարգին, որի հիմքերը դրվել են 1995–ին (որոշ գնահատականներով՝ 1991–ին)։
 
Եթե խոսվում է այն մասին, որ իշխանության զավթում կամ սահմանադրական կարգի տապալում է եղել, ուրեմն պետք է սկսել 1995–ից։
 
Ինչ վերաբերում է 2008–ի ընտրություններին ու դրա հետևանք «Մարտի 1»–ին, ապա դրա թիվ մեկ պատասխանատուն ու թիվ մեկ շահառուն Սերժ Սարգսյանն է։ Չլիներ «Մարտի 1»–ը, ՀՀԿ–ի անփոխարինելի առաջնորդ հռչակված Սերժ Սարգսյանը չէր կարողանա բազմել նախագահի աթոռին ու չէր կարողանա իր կապիտալի նախնական կուտակումը դարձնել վերջնական կուտակման սկիզբ։
 
«Մարտի 1»–ի գործով հենց նրա՛ն է պետք առաջին հերթին հարցաքննել։ Չէ՞ որ նա՛ է եղել կառավարությունում գործող շտաբի ղեկավարը և նա՛ է մեկ փուլով հռչակվել ընտրված նախագահ։ «Մարտի 1»–ն էր, որ հետագայում հնարավորություն տվեց Սերժ Սարգսյանին իշխանությունն օգտագործել հանուն կուտակման, իսկ կուտակումն օգտագործել հանուն ցմահ իշխանության ապահովման։ Այլ հարց է, որ նա այս տարվա ապրիլին ընկավ իր իսկ դրած թակարդը։
Ս. Սարգսյանն ապաքաղաքականացրել էր քաղաքականությունը և դաշտում թողել միայն ծաղրածուներին։ Նա խոստացել էր կրկեսի չվերածել հայրենիքը, բայց իր ոճին հավատարիմ արեց ճիշտ հակառակը՝ հայրենիքը վերածեց քաղաքական կրկեսի։ Արդյունքում՝ հիմա ինքը դարձել է «փախստական»։ Ինչպես կասեր դասականը՝ խիարը թարս բուսնեց։
 
Ով ինչ ցանում է, այն էլ հնձում է։
 
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ Ռոբերտ Քոչարյանը անկեղծացավ ու հայտարարեց, որ ինքը չէր ուզում զբաղվել քաղաքականությամբ, բայց, փաստորեն, քաղաքականությունն է սկսել զբաղվել իրենով։
 
Նկատենք, որ քաղաքականությունը միշտ էլ զբաղվում է բոլոր նրանցով, ովքեր համառորեն չեն ուզում զբաղվել քաղաքականությամբ։ Իսկ թե ուր կտանի բոլորին քաղաքականությունը, դժվար է ասել։ Առջևում հայկական թերմիդորն է։ Հարցն այն է, թե երբ այն կլինի, ինչ տեսքով ու մինչև այդ ինչ գին կվճարենք բոլորս։