Հեղափոխության ամրության թեստը. Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ.
 
 
ՀՔԾ-ն անդրդվելի է մնում և պնդում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը հիմնավոր են։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի այս արձանագրումները խիստ կարևոր են վերջին երկու օրերին տեղի ունեցող զարգացումների համատեքստում, երբ Հայաստանում, ակնհայտորեն՝ Մոսկվայի խրախուսմամբ, տեղի է ունենում հակահեղափոխական ուժերի կոնսոլիդացիայի փորձ, ինչի դրսևորումը դարձավ թերևս խորհրդարանի 41 պատգամավորների երաշխավորությունը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցով։
 
ՀՔԾ պետը համոզված է, որ կալանք չկիրառելու դեպքում Քոչարյանը կարող էր խոչընդոտել քննությանը. «Խափանման միջոցն ընտրվում է ելնելով այն անհրաժեշտությունից, որ ապահովվի կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը վարույթում: Դա միայն փախուստի դիմելը չէ, միշտ մոռացվում է առավել կարևոր հանգամանքը, որ մեղադրյալի կողմից վարույթին մասնակցող անձանց վրա ապօրինի ազդեցությունը բացառելն է: Հենց այս կարևոր նախապայմանից ելնելով՝ ես գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը անհրաժեշտ է, որ մենք կարողանանք լրիվ ծավալով քննություն կատարել, և բացառվի նրա ապօրինի ազդեցությունը վարույթի մասնակիցների, քրեական դատավարության մասնակիցների վրա»:
 
Կարծում ենք՝ ՀՔԾ պետի հիմնավորումն առավել քան համոզիչ է։ Մենք այդ փաստարկին դեռ երեկ անդրադարձել էինք. Քոչարյանի ազդեցիկությունն էապես կարող է խոչընդոտել քննության ընթացքին, եթե նա լինի ազատության մեջ։ Ընդ որում՝ ազդեցիկություն ասվածը տվյալ դեպքում ենթադրում է բացասական, ապօրինի ներգործություն, որը երկրորդ նախագահը կարող է ունենալ գործընթացի այլ սուբյեկտների վրա, որոնց շրջանակը, հաշվի առնելով գործի բնույթը, բավականին տարողունակ է։
 
Իր տասնամյա նախագահության ընթացքում Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ դրվագներով ապացուցել է, որ միջոցների ընտրության հարցում խտրականություն չի դնում, երբ խոսքը վերաբերում է սեփական քաղաքական օրակարգին կամ որևէ հանցագործության հետքերը մաքրելուն։ Էական է նաև այն հանգամանքը, որ Քոչարյանի պարագայում հարաբերական է նաև փախուստի դիմել-չդիմելու հանգամանքը. եթե Ռուսաստանը՝ արտգործնախարարի մակարդակով, համարում է, որ Քոչարյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման, ապա, ըստ էության, լեգիտիմացնում է նրան պատսպարելու հեռանկարը։ Բոլոր այս փաստերի համադրումով Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը կարող է վտանգել գործի քննությունը։
 
Խնդիրն ունի նաև քաղաքական բաղադրիչ։ Եթե անգամ տեսականորեն քննարկելի էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հնարավորությունը, ապա դա ի չիք դարձավ Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարությունից հետո։ Այն Հայաստանի քաղաքական կյանքին միջամտելու անթաքույց փորձ էր՝ մանավանդ, որ առաջիկա տասն օրերին Վերաքննիչ դատարանն անդրադառնալու է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցին։ Եթե Լավրովի հայտարարությունից հետո դատարանը վերանայի երկրորդ նախագահի խափանման միջոցը, ապա լուրջ ու հիմնավոր կասկածներ կառաջանան, որ Մոսկվան ուղղակի կամ անուղղակի ճնշում է բանեցրել Հայաստանի արդարադատության համակարգի վրա։
 
Հայաստանի ԱԳՆ երեկվա արձագանքը Լավրովի հայտարարությանը, ինչպես նաև ՀՔԾ պետի այսօրվա հաստատակամությունը վստահություն են ներշնչում, որ Հայաստանի կառավարությունը մտադիր չէ տեղի տալ Մոսկվայի ճնշումներին կամ թույլ տալ հակահեղափոխության ռևանշ։ Քոչարյանի խափանման միջոցի հարցը պետք է դիտարկել հենց այս հարթության մեջ. հասարակությունն ուզում է վստահ լինել, որ ոչ մի ներքին կամ արտաքին ճնշում չի կարող կասեցնել հեղափոխության կամ Մարտի 1-ի ոճրագործության բացահայտման ընթացքը։ Հոգեբանորեն շատ կարևոր է, որ հեղափոխություն իրականացրած հասարակությունը գործնականում համոզվի, որ նոր Հայաստանում Մոսկվայի ճնշումները չեն կարող որոշիչ լինել։
 
Ի դեպ, հայտնի է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարանում կքննի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։ Նա հարուստ կենսագրություն ունեցող դատավոր է, ու ամենևին չենք ուզում կասկածի տակ առնել վերջինիս անաչառությունը, սակայն նկատենք, որ Ազարյանը Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին տևական մի շրջան աշխատել է նախագահի աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի աշխատակազմի գլխավոր մասնագետ, ապա՝ արդարադատության խորհրդի քարտուղարության գլխավոր մասնագետ, վերջում՝ նախագահի վերահսկողական ծառայության գործադիր իշխանության հանրապետական մարմինների բաժնի գլխավոր մասնագետ։
 
Իհարկե, միայն կենսագրական այս տվյալները բավարար չեն, որպեսզի հեռուն գնացող հետևություններ արվեն, սակայն իշխանությունը պետք է հետամուտ լինի դատարանի նկատմամբ հնարավոր ներքին և արտաքին ճնշումները չեզոքացնելու հարցում, մանավանդ, որ Ռոբերտ Քոչարյանի վերաքննիչ բողոքը քրեաօլիգարխիկ սեգմենտներին կոնսոլիդացնելու առիթ է համարվում այն ներքին ու արտաքին ուժերի համար, որոնց օրակարգում շարունակում է մնալ ռևանշի կամ առնվազն հեղափոխությունը «խմբագրելու» ցանկությունը։
 
 
Հեղինակ՝ Սարգիս Արծրունի