Թուրքական լոլիկի՝ սահմանափակ քանակով կրկին ռուսական շուկա մտնելու հետ մեկտեղ Ռուսաստանը կկրճատի այլ երկրներից լոլիկի ներկրման ծավալները, դրանց թվում է հայտնվել նաև Ադրբեջանը:
 
«Россия 24» հեռուստաալիքի եթերում Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտնել է, որ թուրքական լոլիկի ներմուծման արգելքի չեղարկումը ռուս արտադրողների վրա չի ազդի, դրա փոխարեն այդ ազդեցությունն իրենց վրա կարող են զգալ մյուս արտահանողները՝ Ադրբեջանը, Ուզբեկստանը, Մարոկկոն, Թունիսը:
 
«Դա ավելի շատ քաղաքական քայլ էր, խոսքն ընդամենը 50.000 տոննայի մասին է (նկատի ունի Թուրքիայից ներկրվող լոլիկը), իսկ ընդհանուր առմամբ մենք ներմուծում ենք դեռ 500.000 տոննա լոլիկ, դա և՛ Ադրբեջանն է, և՛ Ուզբեկստանը, Թունիսը, Մարոկկոն… Ավելի շուտ նրանք մի փոքր դժվարություն կունենան, այսինքն՝ երկրներ, որոնք մեծ ծավալի արտահանող են: Մեզ վրա դա չի անդրադառնա, դա ընդամենը ներկրման 10 տոկոսն է», - ասել է ռուս նախարարը:
 
Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն անցյալ տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։