ԲՀԿ-ում կան շատ ավելի արժանավոր և ունակ կադրեր, ովքեր անհամեմատ ավելի պիտանի կլինեին Երևանն ի շահ երևանցու ղեկավարելու գործում. ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով կուսակցության այսօրվա որոշմանը՝ Երևանի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետի պաշտոնում առաջադրել Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը: «…Եվ ահա, պարզվեց, որ իմ հարազատ կուսակցության հարյուր հազարավոր անդամների մեջ միակ մարդը, ով իր կարծիքով՝ ունակ է զբաղեցնել ցանկացած պաշտոն (անգամ՝ կուսակցության հեղինակությունը գետնելու հաշվին), դարձյալ Նաիրա Զոհրաբյանն է… Գագիկ Ծառուկյանը եղել և մնում է իմ ավագ եղբայրը, մարդ, ով ինձ՝ բանվորի որդուս, առանց որևէ ակնկալիքի սատարել է իմ քաղաքական կյանքում… Նա ինձ համար իսկապես հարգելի մարդ է, ու ժամանակը դեռ շատ է ակնարկելու նրա անհրաժեշտությունը, բայց եթե նրա ղեկավարած թիմում առանցքը Նաիրա Զոհրաբյանն է, ես այդտեղ անելիք չունեմ….»,- գրել է պատգամավորը:
Վերջին երկու օրվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ ԲՀԿ-ում ակնհայտ ճաք է առաջանում՝ ներկուսակցական հակասությունները դարձնելով հասարակության սեփականություն։ Իհարկե, Գևորգ Պետրոսյանը, ի տարբերություն Վարդան Բոստանջյանի, առայժմ չի «հիվանդացել» և մանդատը վայր դնելու մտադրություն չի հայտնել, կամ նրան այդ մասին դեռ չեն հորդորել, ու սահմանափակվել է կուսակցությունը լքելու մտադրության անուղղակի բարձրաձայնումով։ Սակայն այս հանգամանքն արմատապես վիճակը չի փոխում. անզեն աչքով էլ նկատելի է, որ Գագիկ Ծառուկյանն այլևս չի կարողանում վերահսկել իրավիճակը կուսակցության ներսում, ինչը թույլ է տալիս Բոստանջյանին հրապարակավ պաշտպանել Ռոբերտ Քոչարյանին՝ ի հեճուկս կուսակցության որոշման, իսկ Պետրոսյանը, ըստ էության, հրապարակայնացրել է այն անառողջ մթնոլորտը, որը տիրում է կուսակցության ներսում։
 
Կասկածից վեր է, որ այս դեպքերն ընդամենը հետևանքներ են, ու առաջիկայում հաստատ ականատես կլինենք ԲՀԿ ներսում տեղի ունեցող նոր «ապստամբությունների»։ Իհարկե, ամեն դեպքի համար կարող ենք գտնել լոկալ բացատրություններ, սակայն Գագիկ Ծառուկյանի թիմն ապրում է ինստիտուցիոնալ, ըստ էության՝ անհաղթահարելի ճգնաժամ, որը պայմանավորված է երկրում քրեաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժման հետ:
 
ԲՀԿ-ն տիպիկ օլիգարխիկ կուսակցություն է՝ ոչ պակաս, քան ՀՀԿ-ն, ու չէր կարող գոնե մասամբ չմնալ փլուզվող համակարգի փլատակների տակ։ ԲՀԿ-ին, այսպես կոչված, «արհեստական շնչառություն» տվեց հեղափոխական ժամանակավոր կառավարությանը մասնակցությունը, սակայն շատ արագ պարզվեց, որ դա ոչ մի ինդուլգենցիա չի տալիս կուսակցությանը, ավելին՝ Ծառուկյանի թիկնազորի պետի քրեական հետապնդումն ու ազատազրկումը նոր իշխանության ազդեցիկ ուղերձն էր Ծառուկյանին, որ նրա հետ պայմանավորվելու անհրաժեշտություն չունեն, այլ խոսքով՝ եկել է քաղաքականությանը հրաժեշտ տալու ԲՀԿ առաջնորդի ժամանակը։
Ակնհայտ է, որ նոր խորհրդարանում ԲՀԿ-ն ներկայացված է լինելու, սակայն նույնքան ակնհայտ է, որ չի ունենալու քաղաքական և ֆունկցիոնալ որևէ դերակատարություն։ Խնդիրը միայն այն չէ, որ Ծառուկյանի թիմը ներկայացված չի լինելու ապագա կառավարությունում. ավելի էական է այն հանգամանքը, որ ԲՀԿ-ն որևէ կերպ պահանջարկված չի լինելու նոր իշխանության համար, իսկ իրական ընդդիմության կարգավիճակին այս կուսակցությունն ադապտացվել չի կարող։
ՀՀԿ-ն հեղափոխության փլատակների տակ մնաց դրա հաղթանակից անմիջապես հետո, նույն ճակատագիրը սպասում է ԲՀԿ-ին՝ խորհրդարանական ընտրություններից հետո։ Այն, ինչ հիմա տեսնում ենք ԲՀԿ-ում, թույլ ցնցումներ են, որոնք նախապատրաստում են մեծ երկրաշարժը։