Մեր զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը

Պարոն Շարմազանով, ՀՀԿ-ն երկրորդ հայտարարությունն է տարածում ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի։ Ինչո՞ւ է ՀՀԿ-ն իր վրա վերցրել այդպիսի ֆունկցիա, ինչո՞վ է պայմանավորված այդ անհանգստությունը ՀՀԿ-ի մոտ։
ՀՀԿ-ն հատուկ որևէ մեկին պաշտպանելու ֆունկցիան չի վերցրել, և չեմ կարծում, որ պարոն նախագահն էլ մեր պաշտպանության հատուկ կարիքն ունի։ ՀՀԿ-ն իր վրա վերցրել է ֆունկցիա Սահմանադրությունը, իրավունքի գերակայությունը, բազմակարծությունը պաշտպանելու և անձնական վրեժխնդրությունը բացառելու, Հայաստանում խնդիրները բացառապես իրավական տիրույթում լուծելու հարցը։ ՀՀԿ-ի երկու հայտարարություններում ամբողջական ամեն բան այնքան հստակ է գրված, որ մեկնաբանության կարիք չկա։
Ես մինչ այդ իմ անձնական կարծիքն ասել եմ դեռ մինչև երկրորդ նախագահի կալանքի որոշումը կայացնելը և մնում եմ այդ կարծիքին, որ այդ կալանքի որոշումը ոչ ճիշտ որոշում էր, դա որոշում էր, որ բխում էր միգուցե քաղաքական, միգուցե անձնական շարժառիթներից։ Կարծում եմ, որ եթե կա խնդիր, ապա կալանքը չէր այն մեխանիզմը, որով կարելի էր երկրորդ նախագահին հրավիրել թեկուզ որպես մեղադրյալ գործի քննությանը։ Երկրորդ նախագահը Հանրապետությունից դուրս է եղել, չի փախել, եկել է։ Բացի այդ, երկրորդ նախագահը պատերազմի ժամանակ թուրքից չի փախել, հիմա ինչի՞ պետք է փախչեր։ Եթե տարբեր մարդկանց մոտ տարբեր կարծիք կա, մեր կարծիքը շատ հստակ է, մենք գտնում ենք, որ նման հետապնդումները, նման գործելաոճը շատ խիստ ազդում են Հայաստանի միջազգային հեղինակության վրա։
 
Հիմա կլինեն մարդիկ, որոնք կասեն՝ միջազգային հեղինակության վրա դուք եք ազդել, որ մարտի 1-ը չի բացահայտվել, թող բացահայտեն։ Մենք մարտի 1-ի բացահայտմանը կողմնակից ենք, բայց դեմ ենք, որ լինի անձնական վրեժխնդրություն, լինեն վենդետաներ։ Անթույլատրելի է երկրորդ նախագահին և առհասարակ նախկին նախագահներին կալանավորել, եթե կա այլ խափանման միջոց։
 
Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում ակնարկեց, որ քննադատության է ենթարկվել նաև ՀՀԿ-ականների կողմից, որ Սերժ Սարգսյանի և իր հարաբերություններն այնքան էլ լավ չեն եղել այդ տարիների ընթացքում։
 
Այ դա է մեր և նոր իշխանության տարբերությունը. Մենք ոչ քննադատվելուց ենք վախենում ու զարմանում, ոչ էլ քննադատելուց։ Մենք գտնում ենք, որ քաղաքական ուժ ենք, իսկ քաղաքական ուժը պետք է այս կամ այն հարցի վերաբերյալ ունենա իր դիրքորոշումը։ Շատ հարցերի վերաբերյալ հարգարժան Ռոբերտ Քոչարյանն ունեցել է իր կարծիքը, հարգարժան առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ունեցել է իր կարծիքը, հարգարժան երրորդ նախագահն ու ՀՀԿ-ն ունեցել են իրենց կարծիքը։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է գնանք անձնական վրեժխնդրության ճանապարհով։ Եթե նույն հոդվածը նույն ձևով լիներ մեկ այլ անձի վրա, ՀՀԿ-ն նույնկերպ կպաշտպաներ  այդ անձի շահերը։
Եթե այսպես շարունակվի, մենք կհայտնվենք նեոբոլշևիկյան իշխանության իրականության մեջ։ Այդպես չի կարելի։ Ես Ազգային ժողովի իմ ելույթում ասել եմ, որ ես ուզում եմ, որ Փաշինյանի կառավարությունը լինի կառավարություն, ոչ թե հեղափոխական կոմիտե։ Կառավարությունը  անցածի վատը դնում է մի կողմ և լավի վրա է կառուցում ու շարունակականության ապահովում, իսկ հեղափոխական կոմիտեն, անկախ նրանից՝ անցածը լավ է եղել, թե վատ, ամեն ինչ ջնջում է և սկսում է նորից։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ կառավարությունը, նոր  իշխանությունները գնում են նեոբոլշևիզմի ճանապարհով։ Սա ժողովրդավարական ճանապարհ չէ։ Ես համամիտ եմ Վազգեն Մանուկյանի հետ, որ Հայաստանը վերածվել է մեկ արտիստի թատրոնի, սա վտանգավոր է։
 
Հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ի մոտ կա մտավախություն, որ Ազգային ժողովը ևս մասնակցություն ունեցել է Մարտի 1-ի հետ կապված և հիմա գալու է պատասխանատվության պահը։
Ոչ, եթե խոսքը ձերբակալությունների մասին է, դրանք մտավախություն չեն։ Ի՞նչ է նշանակում մտավախություն,  Նիկոլ Փաշինյանը կարող է նստի, մեկ ուրիշը չի՞ կարող։ Խնդիրն այստեղ նստել-չնստելու մեջ չի, խնդիրն արդարադատության տառն ու ոգին պահպանելու մեջ է։ Երբեք ՀՀ նախկին նախագահները կալանքի չեն վերցվել, սա աննախադեպ է։ Մի մոռացեք, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի երկրորդ նախագահն է, Արցախի առաջին նախագահն է և աննախադեպ բան է տեղի ունեցել։ Անգամ Հրանտ Բագրատյանը, որ երբեք չի փայլել Ռոբերտ Քոչարյանին գովելով, նույնն ինքն է ասել, որ կալանքի որոշումը ճիշտ չէ։ Վազգեն Մանուկյանը ևս ժամանակին քննադատել է Ռոբերտ Քոչարյանին, բայց այսօր մտահոգություն է հայտնում։ Դա պետք է մտահոգի բոլոր ՀՀ քաղաքացիներին։ Հիմա Հայաստանում քննադատությունը դարձել է նոնսենս, հենց մեկը քննադատական խոսք է ասում, միանգամից հարձակվում են վրան։ Չի կարելի, բա ժողովրդավարությո՞ւն է։ Ինչքան որ իրենք գտնում են, որ այդպես է ճիշտ, այդքան էլ ես գտնում եմ, որ այսպես է ճիշտ։ Որքան իրենք ունեն կարծիք արտահայտելու իրավունք, նույնքան էլ մյուսներն ունեն։
Տարակուսելի է, որ նախարարներից մեկը որոշում է՝ ով իրավունք ունի միտինգ անել ռուպրով, ով ոչ։ Անթույլատրելի է բազմակարծության բացակայությունը։ Հարգելի պարոն նախարար, եթե չգիտես՝ տեղեկացնեմ, որ ՀՀ քաղաքացիների իրավունքները Սահմանադրության մեջ գրված են։ Հայաստանը ժողովրդավարական երկիր է և մեր նպատակը պետք է լինի, որ ժողովրդավարական արժեքները, այլակարծությունը զարգանան Հայաստանում։ Եթե դուք ուզում եք մի Հայաստան, որտեղ միայն ձեր առաջնորդին են ծափահարում, մենք այդպիսի Հայաստան չենք ուզում։ Մենք ուզում ենք Հայաստան, որտեղ կա այլակարծություն, գոնե մեր իշխանության տարիներին։ Ես, իմ գործընկերները, ՀՀԿ-ի քաղաքական թևը շատ հանգիստ են վերաբերվել քննադատությանը, երբեմն նաև վիրավորանքին։ Ինչ վերաբերում է Քոչարյանին, եթե նա ստորագրությամբ դուրս գար, ի՞նչ պետք է լիներ։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ կարող ենք երկրորդ նախագահի ձերբակալե՞լ։
Ուզում են մարտի մեկի բացահայտում, թե ով էր հարման տվողը, ով էր կրակողը։
Մենք էլ ենք ուզում մարտի մեկի բացահայտում։
 
Եթե ուզեիք, ձեր իշխանության օրոք չէիք բացահայտի՞։
 
Հիմա եկել է Նիկոլ Փաշինյանը, թող իր իշխանությամբ բացահայտի, տեսնեմ։
Չեք կարծո՞ւմ, որ այս բացահայտումների կծիկը կհասնի ՀՀԿ-ին։
Եթե մենք իրավական առումով ենք խոսում, օրենքի տառով ՀՀԿ-ն մտահոգվելու առիթ չունի, եթե խոսքը գնում է կամայականության մասին, սկսած ինձնից, վերջացրած ձեզնով՝ մտահոգվելու բան ունեն բոլորը։ Եթե գերական օրենքն է, խնդիր չկա, եթե գերական որոշ մարդկանց ցանկությունն է, այստեղ բոլորը կարող են մտահոգվել։ Ես երբեք իրավական խնդիրներին փորձել եմ գնահատական չտալ, դա փաստաբանների, դատարանների խնդիրն է, բայց երբ ՀՀ երկրորդ նախագահին և Արցախի առաջին նախագահին կալանքի որոշում ես կայացնում և կալանավորում ես, ինձ համար անհասկանալի է։ Եվ եթե նույնը լիներ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, ինձ համար նույնչափ անհասկանալի կլիներ։ Նրանք երկրի սիմվոլներ են եղել։ Իմ հստակ դիրքորոշումն է՝ նախկին նախագահներին այս ձևով չի կարելի կալանավորել, և սա միայն իմ կարծիքը չէ։ Եվ ես, այո, գտնում եմ, որ այստեղ կա և քաղաքական, և անձնական դրդապատճառ։ Մեր երազած Հայաստանում պետք է լինի օրենքի գերակայություն։ Ես բազմիցս ասել եմ, որ մենք պետք է պայքարենք ոչ թե անձերի, այլ երևույթների դեմ։ Եվ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նոր իշխանությունը պայքարում է նախկին իշխանությունների դեմ անհատականացված։
Երեկ պատգամավորական մանդատը վայր դրեց Վարդան Բոստանջյանը։ Պաշտոնական հիմնավորումները որքանո՞վ էին համոզիչ։
 
Ես Բոստանջյանի՝ մանդատը վայր դնելու վերաբերյալ ունեմ իմ համոզմունքը, բայց քանի որ «Ծառուկյան» դաշինքի հարգարժան գործընկերները պաշտոնական թեզ են դրել շրջանառության մեջ առողջական խնդիրների հետ կապված, ինձ ոչինչ չի մնում անելու, բացի պարոն Բոստանջյանին առողջություն մաղթելուց։ Առողջություն եմ մաղթում պարոն Բոստանջյանին։