Պարբերաբար շաքարի բարձր պարունակությամբ մրգային հյութեր խմող երեխաներն ավելի հաճախ են տառապում ասթմայից: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի բժիշկների հետազոտությունում:
 
The Daily Mail-ի հաղորդմամբ՝ հետազոտողներն ուսումնասիրել են 1.068 մայրերի, նրանց որդիների և դուստրերի սննդակարգը և պարզել ասթմայով հիվանդանալու և ֆրուկտոզայի պարունակությամբ քաղցր ըմպելիքների միջև կապը: Վերլուծելով ստացված տվյալները՝ գիտնականները պարզել են, որ ֆրուկտոզա և շաքար պարբերաբար օգտագործող երեխաները 77 տոկոսով ավելի հաճախ են տառապում ասթմայից:
 
Նշվում է, որ կախվածությունը հայտնաբերվել է մարմնի զանգվածի տարբեր ինդեքսով երեխաների մոտ: Դրանից բացի, շնչառության հետ խնդիրներ առաջանալուն նպաստում է նաև հղիության ընթացքում նման ըմպելիքներ պարբերաբար օգտագործելը:
 
«Ճարպակալման և ասթմայի հայտնի կապից բացի՝ մենք հայտնաբերել ենք, որ քաղցր ըմպելիքների և մեծ քանակությամբ ֆրուկտոզայի գործածությունը նույնպես բարձրացնում է այս հիվանդության առաջացման ռիսկը: ՄԵնք դեռևս չգիտենք՝ ինչպես են շաքարը և ֆրուկտոզան հանգեցնում ասթմայի», - ասել է հետազոտության հեղինակներից Շերիլ Ռիֆաս Շիմանը:
 
Նրա խոսքով՝ կարելի է ենթադրել, որ այս միացությունները բորբոքումներ են հրահրում, որոնք կարող են ազդել թոքերի զարգացման վրա: