«Կոմերսանտ»․ Մոսկվային հատկապես զայրացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մեղադրանքի առաջադրումը.
 
«Հայաստանը պոկվում է Հավաքականից, Ռուսաստանը դժգոհ է Հայաստանի նոր իշխանությունների գործողություններից» վերնագրի ներքո Հայաստանի մասին հերթական հոդվածն է հրապարակել ռուսաստանցի ամենահայտնի օլիգարխներից մեկին՝ Ալիշեր Ուսմանովին պատկանող «Կոմերսանտ» պարբերականը:
 
Վկայակոչելով Ռուսաստանի պետական կառույցներում իր անանուն աղբյուրները՝ «Կոմերսանտ»-ը այսօր հրապարակած ծավալուն հոդվածում գրել է, թե վերջին ձերբակալությունները Հայաստանում տարաձայնություններ են առաջացրել հայ-ռուսական հարաբերություններում, և այդ տարաձայնությունները, ըստ թերթի մեկնաբանների, կարող են է՛լ ավելի խորանալ:
 
«Կոմերսանտ»-ի հեղինակների փոխանցմամբ՝ Ռուսաստանին հատկապես վրդովեցրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքը: Սա, Մոսկվայի կարծիքով, լուրջ հարված է ՀԱՊԿ-ի հեղինակությանը:
 
Կրեմլում չեն բացառում, որ չնայած ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը դեռ շուրջ մեկուկես տարի կա, կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի մեկ այլ երկրի ներկայացուցիչ: Բացի այդ, ըստ պարբերականի, հարցականի տակ է 100 միլիոն դոլարի վարկի շրջանակում նախատեսված ռուսական նոր սպառազինության մատակարարումը Հայաստանին:
 
«Կոմերսանտ»-ը գրում է, որ Մոսկվային զայրացրել են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքի առաջադրումը:
 
 
Թերթը շեշտում է նաև, որ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների գործով նախկինում ձերբակալված էր Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով «այսօր պահանջում է պատասխանատվության կանչել բոլոր նրանց, ովքեր 2008-ին բարիկադների մյուս կողմում էին»:
 
Մոսկվային հատկապես զայրացրել է Խաչատուրովին մեղադրանքի առաջադրումը, քանի որ Երևանը չի զգուշացրել Մոսկվային, որ պատրաստվում է մեղադրանք ներկայացնել Ռուսաստանի համար կարևոր նշանակություն ունեցող ՀԱՊԿ-ի գործող գլխավոր քարտուղարին: Ավելին, թերթը մեջբերում է ՀԱՊԿ-ին մոտ կանգնած կառույցներում անանուն աղբյուրների խոսքերն այն մասին, թե Խաչատուրովի գործի հետևում տարածաշրջանից դուրս երրորդ խաղացողներն են՝ ակնհայտորեն ակնարկելով Արևմուտքը:
 
Ռուսաստանի նախագահի վարչակազմի իր անանուն աղբյուրին էլ հղում անելով՝ «Կոմերսանտ»-ը գրում է․ «Հայաստանյան ներքաղաքական զարգացումները հսկայական վնաս են հասցնում կազմակերպությանը, և տարօրինակ է, որ Երևանում դա չեն հասկանում»: Ըստ թերթի, եթե նոյեմբերին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները չհաստատեն Հայաստանի նոր ներակյացուցչին, գլխավոր քարտուղարի պաշտոնը կանցնի Բելառուսին ։
 
Պարբերականը նաև գրում է, թե Մոսկվայի և Երևանի միջև առաջացած տարաձայնությունների պատճառով հարցականի տակ է 100 միլիոն դոլարի վարկով նախատեսված՝ «Իսկանդեր»-ների և Սու-30ՍՄ կործանիչների մատակարարումը: «Այս վարկի և դրա շրջանակում նոր սպառազինության մասին Մոսկվայի հետ պայմանավորվել էին Հայաստանի նախկին իշխանությունները, և հիմա այդ պայմանավորվածությունը հարցականի տակ է»,-վկայակոչելով ռուսական ռազմաարդյունաբերական երկու կառույցների անանուն ներկայացուցիչներին՝ գրում է թերթը: