Հուլիսի 27-ի առավոտյան Մոսկվայի Հյուսիսարևմտյան թաղամասում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու մարմին` պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով: Հաջորդ օրը սպանության կասկածանքով ձերբակալվեցին տուժածի 3 աղջիկները` 17, 18 և 19 տարեկան: Ըստ տեղեկությունների, սպանությունից անմիջապես հետո աղջիկներից մեկն է դիմել ոստիկանություն: Հարցաքննության ժամանակ աղջիկներն ընդունել են իրենց մեղքը, սակայն նաև պատմել են, որ նրանք երկար ժամանակ հոր կողմից թշնամական վերաբերմունքի են միայն արժանացել և ենթարկվել են հոգեկան տառապանքների: Քույրերին արդեն ճանաչվել են որպես սպանության մեղավորներ:

Այս աղմկոտ պատմությունը ցնցել է բոլորին: Շատերին էր հետաքրքրում՝ իսկ որտե՞ղ էր աղջիկների մայրը, ինչպե՞ս է նա թույլ տվել, որ իրավիճակը դառնա անվերահսկելի:

 Առաջին օրերին աղջիկների մայրը՝ ծագումով մոլդովացի Աուրելիա Դունդուկը, լռում էր և թաքնվում լրագրողներից, սակայն դատից հետո նա համաձայնել է պատմել, թե իրականում ինչ էր կատարվում իրենց ընտանիքում: «Կոմսոմոլսկայա պրավդա»պարբերականի հետ ունեցած զրույցում կինը ցնցող խոստովանություններ է արել:

Ծանոթացել են կանգառում

Ողբերգական այդ օրը, երբ աղջիկները խոհանոցի դանակով սպանեցին իրենց հորը, Աուրելիան նրանց հետ չէր ապրում արդեն երեք տարի:

 «Ես աղջիկներիս հետ կապը պահում էի իրենց դպրոցական ընկերուհիների, հորաքույրների միջոցով: Նրանք պատասխանում էին իմ զանգերին ու նամակներին: Ես հարցնում էի՝ ինչպե՞ս են երեխաներս, ինձ ասում էին, որ ամեն ինչ լավ է, հայրը իրենց չի նեղացնում, լավ է վերաբերվում, անգամ երես է տալիս նրանց: Ասում էին՝ աղջիկներս ուսանում են:

 Նրանք անընդհատ հսկողության տակ էին: Միշայի հանձնարարությամբ Արսենը՝ նրա զարմիկը, երեխաներիս ամեն քայլին հետևում էր, եթե դա անձամբ Միշան չէր անում: Բայց երբեմն, երբ հայրը տանը չէր լինում, աղջիկներս իբր շանը զբոսնելու էին տանում, սակայն գալիս էին ինձ մոտ: Մենք նստում էինք հարևան տանը՝ ընկերուհուս մոտ, գրկում իրար: Հարցնում էի՝ ինչպե՞ս եք, աղջիկներ: Ասում էին՝ ամեն ինչ լավ է:

Արագ-արագ խոսում էինք, ու նրանք փախչում էին, որ հայրը չիմանա: Եթե միայն նրանք ինձ ասեին, թե ինչ է այնտեղ կատարվում, ես ինչ-որ բան կմտածեի: Բայց աղջիկներս ինձ խնայում էին, չէին ուզում մտահոգել: Իսկ իմ մտքով անգամ չէր անցնում: Հակառակը, ես մտածում էի՝ իմ հեռանալուց հետո ամեն ինչ կարգավորվել է: Մտածում էի՝ գուցե նախկինում նա իմ պատճառով էր զայրանում, լինում է, չէ՞, որ ինչ-որ մարդու տանել չես կարողանում: Կարծում էի՝ ես հեռացել եմ, ուրեմն՝ ամեն ինչ լավ է:
 
Հարցին, թե արդյոք նախկին ամուսինը ծեծել է աղջիկներին, կինը պատասխանել է՝ ոչ: «Նման բան չի եղել:
 
Ամեն ինչ ինձ էր բաժին հասնում բոլորի փոխարեն՝ իր քրոջ, իր մոր, Արսենի, բոլորի փոխարեն… Նրանք երկար տարիներ մեզ հետ ապրել են մեր երկու սենյականոց բնակարանում: Հենց ինչ-որ մեկն ինչ-որ բան այն չէր անում, նա հարձակվում էր ինձ վրա՝ սրբիչն այնպես չեք կախել, քայլվածքդ այն չէր, թեյի համն այն չէր… Մենք նրա հետ 20 տարի ենք ապրել: Ծանոթացել ենք, երբ ես 17 տարեկան էի, նա՝ 34: Ես մորս ու մորաքրոջս հետ կանգնած էի կանգառում: Նա անցնում էր այդ հատվածով, կանգ առավ, առաջարկեց մեքենայով տեղ հասցնել: Մենք հրաժարվեցինք, բայց ես նրան իմ հեռախոսահամարը տվեցի: Այդպես էլ ընկերացանք: Նա կարողանում էր գեղեցիկ խոսել, իսկ ես երիտասարդ էի»:
 
Լրագրողի հարցին, թե երբ է նախկին ամուսինը սկսել նրան ծեծել, կինը պատասխանել է, որ «գրեթե անմիջապես»:
 
«Գրեթե անմիջապես. հենց այն պահից, երբ ես տեղափոխվեցի նրա մոտ: Առաջին անգամ հիշում եմ՝ ավագ որդիս՝ Սերյոժան, 8 ամսական էր: Տանն ինչ-որ խնջույք էր, ես տոնական հագուստով էի, ցանկանում էի մորս մոտ գնալ: Նա բոլորի ներկայությամբ եկավ ու հարվածեց դեմքիս ու սկսեց խեղդել. Դու այս տնից այլևս ոչ մի տեղ դուրս չես գալու, հասկացա՞ր: Բոլորը դա տեսան՝ նրա քույրերը, մայրը: Դրանից հետո ես հինգ տարի տնից դուրս չեկա: Փոքրս՝ Մարիան, 1 տարեկան էր, երբ նա ինձ ինչ-որ չափով ազատություն տվեց. կարողացա երբեմն դուրս գալ տնից: Երեխաների հետ նրա քույրերն էին երբեմն զբոսնում, նրանք նաև խանութ էին գնում: Իսկ ես առանց նրա թույլտվության անգամ հեռախոսով խոսելու իրավունք չունեի:
 
Հարևանները սպանվածին համարում են քրեական հեղինակություն
 
Հարևանները պատմում են, որ միշտ վախեցել են Միխայիլից, համարելով նրան քրեական հեղինակություն: «Նա պաշտոնպապես երբեք ոչ մի տեղ չի աշխատել, բայց նրա մոտ անընդհատ գումար էր հայտնվում: Սպանվածն իր աղջիկների հետ ապրում էը 2 բնակարանում` 2-րդ և 3-րդ հարկերում: Նա անընդհատ ինչ-որ մութ գործերով էր զբաղված, անընդհատ մոտը կասկածելի անձիք էին գալիս: Դռան մոտ միշտ ատրճանակով էր գնում, որն էլ վախեցնում էր բոլորին: Այդ պատճառով էլ աղջիկների հետ միշտ կռվում էր»,- անկեղծանում է Միխայիլի ծանոթներից մեկը: