Վեոլիա ջուր» ընկերությունը մտադիր է մոտ 14 դրամով ավելացնել խմելու ջրի սակագինը և հաջորդ շաբաթ դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին այն ճշգրտելու համար։

Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը 15 տարով տնօրինող այս ընկերությունը առաջարկում է 2019 թվականի հունվարից 1 խմ ջրի արժեքը սահմանել 205.1 դրամ, ներկայումս գործող 191.4-ի փոխարեն։

 Սա, ըստ ընկերության, բխում է վարձակալության պայմանագրի կետերից․ ըստ այդմ՝ ոլորտը տնօրինող միակ օպերատորը ամեն տարի պարտավոր է դիմել՝ ճշգրտելու սակագինը, իսկ այն առաջիկա տարիների պետք է միայն աճի՝ իր «պիկին» հասնելով 2022-23 թվականներին, ինչից հետո միայն կնվազի: Այս մասին «Ազատությանը» տված գրավոր պատասխանում հայտնել են ընկերության մամուլի հետ կապերի բաժնից։