Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ցուցմունք տալ եւ մասնակցել քննչական գործողություններին. ՀՔԾ պետ
 
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ նրա պաշտպանների բողոքը պետք է մերժվի, սա ելնում է գործի շահերից: Այս մասին Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ասել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
 
Նա կարծում է, որ ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ հաշվի առնելով պաշտոնական դիրքը, սոցիալական կապերը:
 
Սասուն Խաչատրյանը հիշեցրել է, որ Քոչարյանն ավելի վաղ էր հրավիրվել հարցաքննության՝ որպես վկա, սակայն ուշ է ներկայացել, եւ այդ ժամանակ արդեն որպես մեղադրյալ է ներգրավվել՝ գործում նոր ապացույցներ ի հայտ գալու պատճառով:
 
«Բայց քրեական գործի վարույթն ինչ-որ ստատիկ վիճակ չէ, պրոցես է, որոշակի պրոցեսներ են իրականանում, ամեն պահին հավաքվում են ապացույցներ, մեծ քննչական խումբ է աշխատում: Անձը մի ժամ առաջ կարող է լինել վկա, մեկ ժամ հետո, ապացույցների հիման վրա, գանք համոզման, որ առկա է համակցությունը, որ կարող է հիմք հանդիսանալ անձին մեղադրելու համար»,- ասել է նա:
 
ՀՔԾ պետը հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանը, որպես մեղադրյալ, հրաժարվել է ցուցմունք տալ, չի մասնակցել քննչական գործողությունների:
 
«Քոչարյանը որպես մեղադրյալ հրաժարվել է ցուցմունք տալուց, նաեւ չի ցանկացել մասնակցել քննչական գործողության, նա պարզապես չի ցանկացել եւ լքել է քննչական գործողության սենյակը եւ, իմ կարծիքով, դա հարիր չէր նրան, եւ որեւէ կերպ ցուցմունք չտալը չի կարող մեկնաբանվել ի վնաս մեղադրյալի, սակայն այն հայտարությունները, որն արեց Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավվելուց հետո, չեն համապատասխանում այն գործողություններին, որը նա հիմա դրսեւորում է»,- ասել է ՀՔԾ պետը:
 
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությանը. Սասուն Խաչատրյանի խոսքով՝ չի կարող լինել բացարձակ անձեռնմխելիություն:
 
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին ՀՔԾ էր ներկայացել Մարտի 1-ի գործով հարցաքննության: Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել: Հուլիսի 27-ին Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել էր:
 
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
 
Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է:
 
ՀՀ երկրորդ նախագահը հուլիսի 26-ին հանդես էր եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու եւ քաղաքական պատվերի շրջանակում: