2008 թվականին պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի ստորագրած 0038 գաղտնի հրամանը մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի հիմքում դրվել է միայն այս տարվա հուլիսին։ Նախկինում վարույթն իրականացնող մարմինը այն չի դիտարկել նախաքննություն իրականացնելու համար․ երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Նա նշել է, որ դեռևս 2008-ին մամուլում եղել են գաղտնի հրամանի մասին տեղեկություններ և արտահոսքի համար նույնիսկ բարձրաստիճան զինվորականներ են պատժվել։ «Սա պատահական չէ, որ քրգործում չի եղել, որովհետև դա մեղադրանքի ամուր հիմք է, միայն դա խոսում է այն մասին, որ զինված ուժերը ներգրավված են եղել մարտիմեկյան իրադարձություններում», – ասել է Խաչատրյանը։
 
Սասուն Խաչատրյանը հիշեցրել է նաև, որ չնայած Փաստահավաք խմբի ներկայացրած նյութերին, Մարտի 1-ից հետո պաշտոնապես հերքվում էր որևէ զինվորականի մասնակցությունն այդ գործողություններին:

Նրա խոսքով՝ այն ժամանակ տարբեր պաշտոնյաներ կեղծ բովանդակությամբ փաստաթղթեր են տրամադրել, որ զինվորական ավտոմեքենաները տրամադրվել են ՊՆ-ի կողմից` ոստիկանապետի բանավոր խնդրանքով, իբրև թե ոստիկանության զորքերի ծառայողներին տեղափոխելու համար:

«2008թ. մարտի 2-ի ԱԺ նիստով Երևանում արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը հաստատելիս Ազգային ժողովի պատգամավորներին տեղյակ չի պահվել, որ դրա մասն է կազմում նաև 0038 գաղտնի հրամանը: Ըստ որում, նիստը ՀՀԿ առաջարկությամբ առանց հեռարձակման է ու կարող էին դա անել: Բայց, չարեցին: Խոշոր վերապահումով ընդունենք, որ 2007-ին ընտրված ԱԺ-ը ժողովրդի իշխանության ներկայացուցչական մարմինն է: Ի վերջո, այդ պահին գործող սահմանադրութամբ երկու սահմանադրական ինստիտուտ են համարվել ժողովրդի ուղիղ մանդատի կրող՝ նախագահն ու ԱԺ-ը: Ըստ որում՝ ԱԺ լեգիտիմությունը չէր վիճարկվում այդ պահին, այլ նախագահի: Ու վիճարկելի լեգիտիմությամբ ինստիտուտը չվիճարկվող լեգիտիմությամբ իսնտիտուտից գաղտնի է պահում գաղտնի ու հակասահամնադրական հրամանը: Ի՞նչ է սրա անունը: Այո, այո, սահմանադրական կարգի տապալում»,-երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն, ով 2008-ին եղել է ԱԺ պատգամավոր:

Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ գործի է դրվել սահմանադրական կարգը տապալելու հաշվենկատ ծրագիր, որի իրականացմանը լծվել է գրեթե ողջ պետական համակարգը։

Խորհրդարանը, դատելով նաև Ստյոպա Սաֆարյանի տեղեկատվությունից, արտակարգ դրություն է հաստատել՝ առանց դրանց հիմքերին տեղյակ լինելու։ Իհարկե, այս հանգամանքը ԱԺ-ին ու նրա մեծամասնությանը բնավ չեն ազատում առնվազն քաղաքական պատասխանատվությունից՝ հատկապես, որ քաղաքական առումով 2008-ի իրադարձությունների շահառուն այդ մեծամասնության քաղաքական լիդերն է՝ Սերժ Սարգսյանն, ով անկասկած տեղյակ է եղել թե 0038 հրամանի մանրամասներին և թե Քոչարյանի հանցավոր մտադրություններին։

Այլ կերպ լինել չի կարող․ եթե Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի ոճրագործությանն անմասն լիներ, ապա նրա նախագահության տաս տարիներին կային բոլոր հնարավորությունները՝ հանցագործությունը բացահայտելու համար։ Սակայն եթե անգամ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ունեն հակասություններ, ապա դրանք ներհամակարգային բնույթ ունեն և հիմք չեն տալիս պնդումներ անել նրանց իշխանությունների որակական տարբերությունների մասին։

Մարտի 1-ն իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության ավարտին, հանցագործության բացահայտումը կոծկվել է Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին։ Մարտի 1-ը համակարգաստեղծ հանցագործություն է, որը կամրջում է քրեօլիգարխիայի ծնունդ երկու նախագահությունները։

Սակայն պատասխանատվության շրջանակը չպետք է սահմանափակվի միայն Ռոբերտ Քոչարյանով ու Սերժ Սարգսյանով․նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի գլխավորությամբ գործել է, ըստ էության, հանցավոր մի խումբ, որը իրավական ձևակերպում է տվել Քոչարյան-Սարգսյան զույգի ապօրինություններին, պարտակել է հանցագործության բացհայտումը, քննությունը դրել է կեղծ հետքերի վրա՝ ազատությունից զրկելով տասնյակ ընդդիմադիր գործիչների, որոնց միակ «մեղքն» այն է եղել, որ փորձել են կանխել Քոչարյանի կողմից իրականացվող սահմանադրական կարգի տապալման գործընթացը։

Հեղափոխությունից հետո Աղվան Հովսեփյանն ու Վահագն Հարությունյանը դիմումներ գրեցին ու հեռացան։ Նրանց հետևեց նաև ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը։ Այս պաշտոնյաները հեռացան պետական ծառայությունից, սակայն պատասխանատվությունից ու քրեական հետապնդումից խուսափել չեն կարող․ նրանք ապահովել են Ռոբերտ Քոչարյանի հանցավոր գործողությունների, այսպես կոչված, իրավական մասը՝ լեգիտիմության պատրանք ստեղծելով սահմանադրական կարգի տապալման գործընթացի համար։

Նույնը վերաբերում է նաև Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, ով նույնիսկ այսօր շարունակում է պատասխանատու պաշտոն զբաղեցնել, սակայն 2008-ին, ըստ ամենայնի, մաս է կազմել իշխանության ռեպրեսիվ մեքենային՝ ապահովելու համար ՍԴ ապօրինի վճիռը։ Երեկ այս հարցում կծիկը նույնպես բացվեց․նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ 332 հոդվածի 3-րդ մասով: Գևորգյանը ճնշում է բանեցրել ՍԴ անդամ Վալերի Պողոսյանի վրա՝ վերջինիս ուղղորդելով «ճիշտ» որոշում կայացնել ընտրությունների հարցով։ Գագիկ Հարությունյանը չէր կարող չիմանալ, որ Բաղարմյան 26-ից տոտալ ճնշում է գործադրվում իր ղեկավարած հաստատության նկատմամբ․ լավագույն դեպքում՝ նա նվազագույնը թաքցրել է հանցագործությունը, շատ հանարավոր է՝ դրա մասնակիցն է։ Երկու դեպքում էլ Գագիկ Հարությունյանը հանցագործություն է կատարել ու պետք է անհապաղ հարաժարական տա ԲԴԽ նախագահի պաշտոնից՝ մինչև ՀՔԾ-ն համապատասխան իրավական գնահատական կտա նրա արաքներին։

Ոչ ոք չի մոռացվել, ու յուրաքանչյուրը պատասխան է տալու Ռոբերտ Քոչարյանի բռնապետությանը ծառայելու, երկիրը հակասահամանադրական անդունդը գլորելու համար։
Լուսանկարը՝ Photolure-ի